Դատարանը չի արգելում Միրոնովին հեռանալ Հայաստանից. Փաստաբան
Հայաստանի գլխավոր դատախազությունը, մեր տեղեկություններով, պատրաստվում է բողոքարկել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել էր դատախազության միջնորդությունը՝ ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին 40 օրով կալանավորելու մասին:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից Panorama.am-ին ոչ հաստատեցին և ոչ էլ հերքեցին այդ տեղեկությունը՝ նշելով, որ իրենք սպասում են դատարանի որոշումը պաշտոնապես ստանալուն:
Panorama.am-ը փորձեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալ դատարանում Միրոնովի ներկայացուցիչ, փաստաբան Վազգեն Խաչիկյանից:
«Երեկ Գլխավոր դատախազությունը ներկայացրել էր միջնորդություն, որպեսզի 40-օրյա ժամանակավոր կալանք կիրառվի Միրոնովի նկատմամբ: Միայն դա է եղել միջնորդության պահանջը: Միջազգային կոնվենցիայի և Քրեական դատավարության օրենսգրքով, երբ անձը ձերբակալվում է ՀՀ-ում որևիցե մի երկրում հայտարարված հետախուզման հետևանքով, ոստիկանության աշխատակիցները ձերբակալում են, տանում են ժամանակավոր ձերբակալությունների վայր, անմիջապես տեղեկացնում են դատախազությանը, հետախուզում տված պետությանը, որպեսզի 3 օրվա մեջ տրամադրի այն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնի դատարան՝ մինչև 40 օր կալանք կիրառելու պայմանով:
Դատախազությունը, ստանալով անհրաժեշտ փաստաթղթերը, դիմել է դատարան՝ ժամանակավոր՝ 40 օր կալանք կիրառելու միջնորդությամբ: Դատարանը ուսումնասիրեց գործում առկա նյութերը: Ես, որպես ներկայացուցիչ, շահարկեցի այն փաստը, որ գործում չկա ներկայացված ԱՄՆ-ի կողմից տրամադրված և իրավասու մարմնի կողմից կայացված կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում: Դատարանն էլ ընդգծեց այն հանգամանքը, որ ներկայացված փաստաթղթերը թերի են:
Դատարանը հարցրեց դատախազին՝ կարո՞ղ եք ներկայացնել իրավասու մարմնի կողմից կայացված որոշում ոչ միայն գրություններ, որ նա այսինչ-այնինչ արարքն է գործել և դրա համար պետք է կալանվի: Մեր օրենսդրության համաձայն, անհրաժեշտ փաստաթղթերի մեջ պետք է գտնվեն տվյալ երկրի դատական համակարգի որոշում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Իսկ դատախազությունը հայտարարեց, որ իրենք նման փաստաթուղթ չունեն և չեն կարող ներկայացնել: Դատարանն էլ երեկ կայացրեց որոշում մերժելու վերաբերյալ, ընդամենը սա՝ մերժեց դատախազության միջնորդությունը», -այսպես ներկայացրեց փաստաբան Խաչիկյանը:
Հետաքրքրվեցինք, թե դատարանի որոշումը ենթադրո՞ւմ է, որ Միրոնովն ազատ է ու կարող է հեռանալ Հայաստանից, Խաչիկյանն ի պատասխան ասաց, որ իր ելումուտի վրա արգելանք չկա դրված: «Եթե իմ կամ Ձեզ վրա արգելանք չկա դրված, ապա մենք ազատ ենք: Եթե դատարանի կողմից կլիներ որևէ մի խափանման միջոց, այն դեպքում այդ մարդն իրավունք ուներ դուրս չգալու: Այդ մարդուն ոչ մեկ չի կարող կալանավոր պահել առանց օրենքով սահմանված կարգերի», -հավելեց փաստաբանը:
Նկատենք, որ երեկ դատական նիստից հետո Միրոնովի պաշտպան փաստաբանները հայտարարել էին, որ Միրոնովը չի կարող հեռանալ Հայաստանից երկար ժամանակ: Նույնիսկ, Միրոնովն ասել էր, որ ինքը դեմ չէ և կարող է մնալ Հայաստանում, հիանալ երկրի բնությամբ: Ավելին, փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը հայտարարել էր նաև, որ Միրոնովը Հայաստանում կմնա նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության երաշխավորությամբ:
Փաստաբան Խաչիկյանը մեր այս հիշեցմանն ի պատասխան, զարմացավ՝ «Ո՞վ է նման բան ասել» ու շարունակեց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, ես հիմա ձեզ ասում եմ այն, ինչ ասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Դատարանը հո գլխից ձեռ չի՞ քաշել, որ ինքնագլուխ արգելանք դնի, ուրիշ բան կիրառի: Իր իրավասության սահմաններում պետք է որոշում կայացնի»: Փաստաբանի պնդմամբ, Միրոնովի՝ երկրից հեռանալուն չի կարող խոչընդոտել նույնիսկ Գլխավոր դատախազության կողմից առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկումը:
Նա ասաց՝ տեղյակ չէ, Միրոնովը Հայաստանից հեռացե՞լ է, թե՞ ոչ, միայն փոխանցեց, որ երեկ երեկոյան միասին «հաց են կերել», Միրոնովը գնացել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն ու դրանից հետո միմյանց չեն տեսել, ոչ էլ խոսել:
Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 26-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 30-ամյա Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից:
Ըստ աղբյուրի, հետախուզվողը մեղադրվում է ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Սերգեյ Միրոնովը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
«Միրոնովը հանցագործությունը, որի համար մեղադրվում է, ԱՄՆ-ում չի կատարել, այլ օն-լայն, այնտեղի խանութների, կառույցների հետ համագործակցելով, ինտերնետով կազմակերպել է առքուվաճառք», -մեղադրանքը հստակ ներկայացրեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը ցույց տվեց, որ Հայաստանը ՌԴ-ին գործընկեր երկիր է. Միրոնովի կինը՝ որոշման մասին
- Միջազգային մակարդակով հետախուզվող ռուսին Հայաստանի դատարանը ազատ է արձակել
- Հայաստանում միջազգային մակարդակով հետախուզվող ռուս է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում