Մուսա լեռան հերոսամարտի թեմայով քանդակի սիմպոզիումը հետաձգվել է
Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով Հայաստանի Նկարիչների միությունը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը և Հայոց ազգագրության ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը հայտարարել էին քանդակի սիմպոզիում՝ Մուսա լեռան հերոսամարտի թեմայով: Սիմպոզիումի մասնակցության հայտերը և էսքիզներն ընդունվել էին մինչև օգոստոսի 25-ը: Մրցույթի արդյունքում ընտրվելու էր 8-10 աշխատանք, որոնց հեղինակները մասնակցելու էին 20-օրյա սիմպոզիումին Մուսա լեռան հերոսամարտի պուրակում սեպտեմբեր ամսին: Սակայն քանդակի սիմպոզիումի էսքիզների հաստատումը հետաձգվել է մինչև 2017թ. ապրիլ։
Panorama.am-ի հետ զրույցում Նկարիչների միության քանդակի սեկցիայի նախագահ Նունե Թումանյանն ասաց, որ սիմպոզիումի հետաձգման պատճառներից մեկն այն է, որ հայտարարությունը համընկավ ամառային արձակուրդների հետ և քանդակագործներից շատերը տեղյակ չէին։
«Նաև՝ հայտարարված էր թեմատիկ սիմպոզիում, որին նախապատրաստվելու համար մեկ ամիսը շատ կարճ ժամանակահատված էր»,- հավելեց նա:
Պատասխանելով հարցին, թե նոր մրցույթ կհայտարարվի՞, Ն. Թումանյանն ասաց, որ սա մրցույթ չէ, քանի որ բոլոր մասնակիցները պրոֆեսիոնալ են։
«Ավելի շուտ ընտրություն է՝ հաշվի առնելով համապատասխանությանը տրված թեմային։
Կհայտարարվի նոր դիտում»,- տեղեկացեց Նկարիչների միության քանդակի սեկցիայի նախագահը:
Նշենք, որ ստեղծագործական մտահղացման մեջ պետք է արտացոլվեն մարդու ազատության, ազգային ազատագրական պայքարի, արդարության, հայրենասիրության և անկախության գաղափարները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում