Իտալիայի թանգարաններն ավելի քան 600 հազար եվրո են հավաքել՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար
Իտալիայի թանգարաններն անցած կիրակի հավաքել են 610 հազար եվրո, որն ուղղվելու է օգոստոսի 24-ին երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելուն: Նյուզու.քոմ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է մշակութային ժառանգության և մշակութային գործունեության նախարարությունը:
Նշվում է, որ այդքան գումար հավաքվել է միայն պետական թանգարաններից՝ կիրակի օրվա տոմսերի վաճառքից: Դրան պետք է գումարվի նաև քաղաքային, մասնավոր, կրոնական այն թանգարանների ներդրումները, որոնք միացել են այդ նախաձեռնությանը:
Երկրի մշակույթի նախարարի կոչով՝ օգնել աղետից տուժածներին, կիրակի օրը թանգարաններ այցելել է ավելի քան 70 հազար մարդ:
Իշխանությունների տվյալներով, ավելի քան 900 հուշարձան վնասվել է, որից 50-ն ամբողջությամբ կամ մասնակի: Նախարարը նշել է, որ դրանց վերականգնումը «պարտադիր է պատմության պահպանման համար»:
Տուժած շրջաններին օգնելու համար միջոցներ են հավաքվում տարբեր ճանապարհներով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Իտալիայում գրանցվել էր 6.1 մագնիտուդով երկրաշարժ: Վերջին տվյալներով զոհվել է 297 մարդ, ևս 400-ը տուժել: Տանիքից զրկվել է ավելի քան 2,5 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժի պատճառով Վենետիկի կինոփառատոնի բացման տոնակատարությունը չի կայանա
- Իտալիայում երկրաշարժը վնասել կամ ավերել է մոտ 300 պատմական շինություն
- Իտալիայում երկրաշարժից տուժած շրջաններում արտակարգ դրություն է մտցվել
- Փորձագետներն Իտալիայում երկրաշարժից հետո ստուգել են Կոլիզեումի վիճակը
- Երկրաշարժ Իտալիայի տարածքում