Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ առաջարկություններ. վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ առաջարկություններ Ազգային ժողովի պատգամավորների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, որոնք պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա՝ մինչ ԱԺ-ում նախագծի երկրորդ ընթեցմամբ քննարկվելը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Հարկային նոր օրենսգրքի նախագծի մի շարք դրույթների շուրջ ներկայացված առաջարկություններին, որոնց առնչությամբ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ ինտենսիվ քննարկումները և ներկայացված այն առաջարկությունների ընդունումը, որոնք կնպաստեն հարկային դաշտի բարելավմանը, բիզնեսի համար թափանցիկ, մրցակցային դաշտի ամրապնդմանը ու ներդրումային գրավչության բարձրացմանը: