Արամ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է, վիճակը բավարար է. «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն
«Էրեբունի» բժշկական կենտրոնում ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի՝ Պավել Մանուկյանի որդու ոտքի վիրահատությունը:
«Վիրահատությունն ավարտվել է, հիվանդի վիճակը բավարար է գնահատվում, կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների ֆիքսում և կոտրվածքի ֆիքսում: Սա վերջնական վիրահատություն է»,-այս մասին վիրահատության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ Արամ Մանուկյանը հետվիրահատական շրջանում մի քանի օր դեռևս կմնա «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի հետևեն և նվազեցնեն բարդությունները, որը կարող է տեղի ունենալ ցանկացած վիրահատությունից հետո:
Հարցին, թե հետագայում ոտքի հետ խնդիրներ կարո՞ղ են առաջանալ, Միքայել Մանուկյանը պատասխանեց․ «Ըստ մեր փորձի՝ այս տեսակ վիրահատություններից հետո հաշմանդամություն չի նկատվում և Մանուկյան Արամի մոտ մենք դա չենք սպասում, քանի որ վիրահատությունն անցել է այնպես, ինչպես մենք պլանավորել ենք, բոլոր բեկորները վերականգնվել են, մետաղային հարթակը ճիշտ տեղադրվել է և դա նվազեցնում է ցանկացած հետագա բարդությունները և խնդիրները»: