Գաբրիել Ղազարյանը հյուրընկալել է բարձրակարգ մարզիչ Ատալլային
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր հյուրընկալել է բրազիլական ջիու ջիցու մարզաձևի բարձրակարգ մարզիչ Ռոբերտո դե Մորաես Ատալլային: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությասն պաշտոնական կայքը։
Նախարարը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել նրան՝ Հայաստանում այդ մարզաձևի զարգացմանն աջակցելու համար:
«Բրազիլական ջիու ջիցու մարզաձևը ճանաչված է աշխարհում, և այն շատ նմանություններ ունի մեր երկրում մեծ մասսայականություն վայելող ավանդական մարզաձևերի հետ: Գիտեմ, որ առաջին անգամ չեք Հայաստանում, և Ձեր 2-րդ այցելությունն ապացուցում է, որ այս մարզաձևը զարգացման լավ հեռանկար ունի մեր երկրում»,- ասել է նախարար Ղազարյանը:
Հյուրը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իր աշխատանքին տված բարձր գնահատականի համար:
«Ես հայաստանցի երիտասարդների մեջ մեծ պոտենցիալ եմ տեսնում, ինչն այս մարզաձևի զարգացման կարևոր գրավականն է: Վստահ եմ, որ նրանք ապագայում բավական լուրջ հաջողություններ կունենան»,- նշել է Ռոբերտո դե Մորաես Ատալլան:
Հանդիպման ավարտին Գաբրիել Ղազարյանը նախարարության շնորհակալագիր է հանձնել բրազիլացի մարզչին: