«Անտեսանելի նշաններ». Ջերմուկում բացվեց Լիլիթ Խաչատրյանի անահատական ցուցահանդեսը
Ծնունդով Վայքից նկարչուհի Լիլիթ Խաչատրյանը Ջերմուկում նախօրեին բացված անհատական ցուցահանդեսին առանձնակի ոգևորությամբ է պատրաստվել: Հայրենակիցների տպավորություններն ու գնահատականները շատ է կարևորում:
«Իմ բոլոր ցուցահանդեսներն էլ ինձ համար շատ կարևոր են, բայց այս մեկին առավել մեծ պատասխանատվությամբ եմ պատրաստվել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նկարչուհին:
«Անտեսանելի նշաններ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Լիլիթ Խաչատրյանի՝ դեռևս չցուցադրված 20 աշխատանքներ: Ջերմուկի բնակիչները, քաղաք այցելած զբոսաշրջիկներն ու գեղանկարչության սիրահարները պատկերասրահում ներկայացված գործերին կարող են ծանոթանալ մինչև սեպտեմբերի 10-ը: Ջերմուկից հետո դրանք կցուցադրվեն Վայքում:
Արդեն երկու տարի լուսանկարչուհին համագործակցում է իտալացի արտկուրատոր Պիետրո Գանեսիի հետ: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում կազմակերպվել են Լ. Խաչատրյանի նկարների ցուցադրություններ Հայաստանի Նկարիչների միությունում, Նյու Յորքի արվեստի բիենալեում 2015-ին, Զվարթնոց տաճարում 2016-ին:
Ջերմուկի պատկերասրահում նկարչուհու ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն ու բազմաթիվ այլ հյուրեր:
Հարություն Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզի քաղաքներում ցուցահանդեսներ պարբերաբար կազմակերպվում են: Շնորհակալ է մարզում մշակութային կյանքն աշխուժացնող միջոցառումների կազմակերպիչներին:
«Կոնկրետ այս ցուցահանդեսի համար ես շատ ուրախ եմ: Լիլիթն իմ հայրենակիցն է, հրաշալի էր, վայոցձորյան գույներն են արտացոլված նկարներում»,-նշեց մարզպետը:
Պաշտոնյա հյուրերը մտադիր են մի հանգիստ օր էլ այցելել ու մանրակրկիտ ուսումնասիրել ներկայացված գործերը:
Այցելուների առաջին գնահատականն արդեն կա՝ «յուրօրինակ և հետաքրքիր աշխատանքներ են»:
Ցուցահանդեսի մյուս այցելուների կարծքիները՝ տեսանյութում: