Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել է ևս մեկ բժշկական կենտրոն
Վիճակագրական տվյալներով` մեր երկրում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպք պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով։ Այս առումով 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որը բխում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից, առողջապահության համակարգի կարևորագույն ձեռքբերումներից է։ Ծրագրի շնորհիվ` արդեն շուրջ 2500 կյանք է փրկվել, բազմաթիվ մարդիկ խուսափել են հաշմանդամությունից։ Կյանք փրկող «Stent for life» ծրագիրը լայն արձագանք է ստացել բնակչության շրջանում: Սրտային վիրաբուժության զարգացումը, հատկապես մարզերում, գերակա ուղղություն է:
Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ավելի քան քսան տարի Հայաստանը տարածաշրջանում առաջատար է եղել ինվազիվ սրտային վիրաբուժության ոլորտում, և դրսից են եկել մեր երկրում բուժվելու։ Մենք հիմա էլ ապահովված ենք լավ մասնագետներով, անհրաժեշտ տեխնոլոգիաներով ու հարթակներով, իսկ որ ամենակարևորն է` միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակյալ ծառայությունով։
«Սակայն խնդիր ունենք մատչելիության ապահովման: Խնդիրն օրակարգային է, քանի որ ինվազիվ սրտաբանական ծառայություններ ստանալու նպատակով այլ երկրներ մեկնելու միտում է նկատվում»,- ասաց նա:
Երևանում և մարզերում սրտի վիրահատությունների գները մատչելի դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս հուլիսին բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին և մատակարարներին կոչ արեց ուսումնասիրել և վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը: ՀՀ առողջապահության նախարարի հուլիսին մարզային այցի ժամանակ Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությանը հանձնարարվեց հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել գների վերանայման վերլուծություն:
Արդեն օգոստոսի սկզբին Գյումրու բժշկական կենտրոնը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ մտադիր են սրտի ստենտավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը նվազեցնել` մոտավորապես 300 հազար դրամի չափով:
Արմեն Մուրադյանը հայտնեց, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միանում է նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնը: «Սրտային վիրաբուժության մատչելիության ապահովման խնդիրը ստանում է այն լուծումը, որին գնում էինք վերջին մեկ տարվա ընթացքում», -ընդգծեց նախարարը:
Նա նշեց, որ որակական ցուցանիշներով սրտային վիրաբուժությունը և մասնավորապես` ինվազիվ վիրաբուժությունը զարգացած է մեր երկրում:
Վիրաբուժական այս ծառայությունը Հայաստանում մատուցվում է 11 բժշկական կենտրոնում, որից երկուսը` Շիրակի և Սյունիքի մարզերում: Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել նաև նման ծառայություն իրականացնող ևս երկու կազմակերպության ղեկավարների հետ, և քննարկվել է նաև այնտեղ սրտի ստենտավորման գների իջեցման հարցը:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը և «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը նշեցին, որ կառավարման կատարելագործման, նախապատրաստական աշխատանքների և բանակցությունների արդյունքում են կարողացել իջեցրել սրտի ստենտավորման գները:
Տնօրենների խոսքով` կատարված գնային փոփոխությունները կնպաստեն հիվանդների թվի աճին, միաժամանակ պահպանելով ծառայության բարձր որակը: Ընդհանուր առմամբ` սրտի ստենտի գները երկու բժշկական հաստատությունում էլ զգալի նվազել են:
ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է վերանայել սրտի ինվազիվ վիրահատությունների փոխհատուցման չափը։ Նշվեց, որ ակնկալվում է, որ թե՛ բժշկական կազմակերպությունները, թե՛ ներմուծողները ևս ճիշտ կգնահատեն իրավիճակը և կհետևեն արդեն իսկ մատչելիության ապահովման քաղաքականություն իրականացնող իրենց գործընկերների օրինակին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան