ՖԻԴԵ-ի թիմային հաշվարկում Հայաստանը բարելավել է դիրքերը
ՖԻԴԵ-ն հրապարակել է սեպտեմբեր ամսվա վարկանշային հերթական աղյուսակները:
Դասական շախմատի վարկանշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2857 միավոր): Երկրորդ հորիզոնականում է ընթանում Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2813): Ֆաբիանո Կարուանայի և Վլադիմիր Կրամնիկի գործակիցները կազմում են 2808 կետ և նրանք ընթանում են 3-րդ և 4-րդ հորիզոնականներում:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, նախորդ ամսվա համեմատ Լևոն Արոնյանը երեք կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը, և այն այժմ 2795 կետով շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում:
Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչներ. Սերգեյ Մովսիսյանը (2677) 59-րդն է , Վլադիմիր Հակոբյանը (2675) ` 62-րդը, Հրանտ Մելքումյանը (2671)` 70-րդը և Գաբրիել Սարգսյանը (2670) ` 75-րդը:
Թիմային հաշվարկում Հայաստանը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և գտնվում է 6-րդ հորիզոնականում:
Կին շախմատիստների ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2658): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) 36-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2439)` 39-րդը:
Մինչև 20 տարեկան պատանիների վարկանշային աղյուսակը գլխավորում է Ռիչարդ Ռապորտը (2752), երկրորդ հորիզոնականում է Յի Վեյը (2717), իսկ Դուդա Յան-Քշիշտոֆը (2675) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուել Պետրոսյանը (2530) 37-րդն է , Տիգրան Հարությունյանը (2480)` 71-րդը, Հայկ Մարտիրոսյանը (2470) ` 87-րդը:
Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:
Արագ շախմատի վարկանշային աղյուսակը նույնպես գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2894): Երկրորդ հորիզոնականում է Հիկարու Նակամուրան (2839), իսկ Սերգեյ Կարյակինը (2818) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2770) գտնվում է 12-րդ հորիզոնականում:
Արագ շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 5 այլ ներկայացուցիչներ. Հրանտ Մելքումյանը (2736) 27-րդն է, Տիգրան Լ. Պետրոսյանը (2715)` 38-րդը ,Վլադիմիր Հակոբյանը (2698)` 55-րդը, Սերգեյ Մովսիսյանը (2674) ` 77-րդը և Գաբրիել Սարգսյանը (2673)` 80-րդը:
Կայծակնային շախմատի վարկանշային աղյուսակը գլխավորում է չինացի գրոսմայստեր Դին Լիժենը (2875): Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2873) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Հիկարու Նակամուրան (2842) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2826) գտնվում է 5-րդ հորիզոնականում:
Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչներ. Հրանտ Մելքումյանը (2727) 36-րդն է, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 38-րդը , Զավեն Անդրիասյանը (2709) ` 46-րդը և Վլադիմիր Հակոբյանը (2654)` 91-րդը: