Միրոնովը պատմել է՝ ինչպես են իրեն Հայաստանում վերաբերվել
Այսօր Երևանից Մոսկվա մեկնած ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, որը Հայաստանի դատարանի որոշմամբ ազատվել էր կալանքից, հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները իրեն վերաբերվել են որպես հյուր և իր նկատմամբ ճնշում չեն գործադրել, գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը միայն լավ տպավորություն է թողել: Ըստ էության, նրանք ինձ վերաբերվել են ինչպես հյուրի: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակի պատճառով եղել են որոշակի սահմանափակումներ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է եղել, ոչ մի ճնշում չի գործադրվել», -հայտարարել է Միրոնովը:
Նա նաև հայտարարել է, որ դատական գործընթացներից չի վախենում, սակայն առաջիկայում չի ծրագրում մեկնել Ռուսաստանից:
Ըստ աղբյուրի, Միրոնովը և իր փաստաբանները փորձում են այս օրերին հասկանալ, արդյոք ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոքարկելո՞ւ է կալանք չկիրառելու մասին դատարանի որոշումը:
ՌԴ քաղաքացի, 30-ամյա Սերգեյ Միրոնովը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից: Ըստ աղբյուրի, հետախուզվողը մեղադրվում է ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371-րդ և 3155-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու նախնական համաձայնություն/, 22-րդ գլխի 2778-րդ «b» կետի 2-րդ մասի և «c» կետի, 18-րդ գլխի 2-րդ և 3551-րդ հոդ. /զենքի արտահանման վերահսկման մասին օրենքի խախտման փորձ/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «h» և «a» կետերի և 3551-րդ հոդ. /փողերի լվացման նախնական համաձայնություն/, 18-րդ գլխի 1956-րդ հոդ. «a» կետի 2-րդ մասի և 3551-րդ հոդ /փողերի լվացում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Միրոնովը Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել էր իրավապահների կողմից, և դատախազությունը միջնորդել էր ժամանակավոր կալանք կիրառել Միրոնովի նկատմամբ: Սակայն Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր միջնորդությունը, և Միրոնովը մեկնել էր Հայաստանից:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը չի արգելում Միրոնովին հեռանալ Հայաստանից. Փաստաբան
- Դատարանը ցույց տվեց, որ Հայաստանը ՌԴ-ին գործընկեր երկիր է. Միրոնովի կինը՝ որոշման մասին
- Միջազգային մակարդակով հետախուզվող ռուսին Հայաստանի դատարանը ազատ է արձակել
- Հայաստանում միջազգային մակարդակով հետախուզվող ռուս է հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում