Սերգեյ Սիմոնյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Ֆրանսիայի Մակոն քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ):
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, 50 կգ քաշային Սիմոնյանը մեկնարկային գոտեմարտում ոչ մի հնարավորություն չի տվել ադրբեջանցի Զիյադ Զեյնալովին (8:0): Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել է իտալացի մարզիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ 4:8 հաշվով զիջել է ռուս Վլադիսլավ Մելնիկովին: Սիմոնյանը բրոնզե մեդալի համար պայքարում 2:1 հաշվով հաղթել է ղրղզ Ադիլեթ Թալայբեկովին:
60 կգ քաշային Գևորգ Խումարյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցչին, սակայն ուկրաինացի մարզիկի արգելքը հաղթահարել չի կարողացել և դուրս է մնացել հետագա պայքարից:
74 կգ քաշային Արման Բաղդասարյանն առաջին գոտեմարտում 2:5 հաշվով պարտվել է ռումինացի Գեորգի Մարիեային, ով հասել է եզրափակիչ, ինչը հայ մարզիկին հնարավորություն է տվել սփոփիչ գոտեմարտ անցկացնել թուրք մարզիկի հետ: Ցավոք, Բաղդասարյանը պարտվել է նաև այդ գոտեմարտում:
Օգոստոսի 31-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: