Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում. Սեյրան Օհանյան
Սահմանում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցների թիվը քիչ է: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը:
«Կրակոցներ կան, խախտումներ լինում են մեր հարևանների կողմից, բայց մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, փորձում ենք այնպես անել, որ լարվածություն չլինի»,-նշեց նախարարը:
Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք իրավիճակը կարելի է համարել հանգստություն փոթորկից առաջ, Սեյրան Օհանյանն ասաց, որ հայկական զինուժը միշտ էլ պատրաստ է դիմագրավել ցանկացած գործողության. «Զինված ուժերի գործողությունների մեջ միշտ էլ մեր գործողությունները փոթորկի նման են: Մենք միշտ պահում ենք զգոնությունը և պատրաստ ենք դիմագրավել փոթորկին»:
Ինչ վերաբերում է առաջնագծում տարվող աշխատանքներին՝ նախարարը հիշեցրեց, որ հենակետերը տեսադիտարկման տեխնիկական սարքավորումներով զինելու ուղղությամբ կատարվող աշխատանքները սկսվել են դեռևս 2013-ի վերջին, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այդ աշխատանքներն էլ ավելի են արագացվել:
«Հիշեցնում եմ, որ շատ մարտական գործողություններում, նույնիսկ քառօրյա պատերազմի ժամանակ կանխարգելիչ դերակատարություն է ունեցել հենց տեսադիտարկման սարքերի առկայությունը, նրանցից ստացված տեղեկատվությունը և տվյալ դիրքերում գործող հրամանատարների, նրանց ենթակա զինվորների հմուտ գործողությունները: Բազմիցս ասել և այսօր էլ ասում եմ, թող մեր ժողովրդի մոտ տպավորություն չստեղծվի, որ առաջնագծի կատարելագործման աշխատանքները տարվում են միայն 2016 թվականին: Քառօրյա մարտական գործողությունները Պաշտպանության բանակի հատվածում, ցույց տվեցին, որ պաշտպանության գիծը, թե ինժեներական սարքավորումներով, թե խորությամբ, թե ամբողջ ճակատով հագեցվածությամբ ապահովում է ժամանակակից մարտական գործողությունների վարմանը»,-հավելեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին