«Անկախության սերունդ». «Ոգևորությունը, որ կզգա հանդիսատեսը, կլինի ավելի մեծ, քան մենք ակնկալում ենք»
Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգին ելույթ է ունենալու «Անկախության սերունդ» անվանումը կրող համահայաստանյան նվագախումբը և երգչախումբը: «Անկախության սերունդ»-ը կազմավորվել է միայն այդ առիթով, կազմված է 800 պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողներից, երգչախմբերից և երգիչներից Հայաստանի մարզերից և Արցախից:
Նախագծի ղեկավար, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Panorama.am-ի հետ զրույցում նախ ներկայացրեց մեծամասշտաբ այս նախագծի գաղափարը.
«Մեր նպատակն է ցույց տալ, որ ունենք տաղանդներ, ովքեր ապրում են մարզերում, ու մենք իրենց տեսնում ենք: Տաղանդները շատ են, բայց պետք էր ինչ-որ մի նախագիծ, որ համախմբեր նրանց ու ցույց տար այդ մարդկանց աշխատանքը: Այս նախագիծը խոսում է այն մասին, որ անկախության 25 տարիներին կարողացել ենք պահպանել, զարգացնել մեր ունեցածն ու փոխանցել այդ գիտելիքները նոր սերունդներին: Այն, որ Հայաստանը կարողանում է այդքան շատ մարդկանց կրթել և անկախության 25-ամյակը նշել դասական երաժշտության ներքո, խոսում է երկու բանի մասին՝ ստեղծում ենք արժեքներ և գնահատում ենք»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դժվար չէ միաժամանակ հավաքել այդքան երաժշտի, որոնցից շատ-շատերը նվագախմբի հետ երբեք չեն աշխատել, Ս.Սմբատյանը նշեց, որ արդեն պրոֆեսիոնալներից կազմված նվագախմբի հետ համեմատած՝ դժվար է, բայց տեսնելով այդ երեխաների պատրաստակամությունը, ոգևորությունը, մարդ ինքնըստինքյան լցվում է էներգիայով. «700-800 երաժիշտ, կոլեգա, կապ չունի տարիքային տարբերությունը, բերում է դրական մեծ ոգևորություն, քան ֆիզիկական հոգնածություն»:
«Անկախության սերունդ»-ի ամենափոքր մասնակիցը 9 տարեկան է: Մասնակիցներն ընտրվել են լսումների արդյունքում, որոնք տևել են 4-5 ամիս: Նրանց մոտ 80 տոկոսը Հայաստանի մարզերից են:
«Այսօր մարզերում ունենք ուսուցիչներ, ովքեր իրենց կյանքը նվիրում են երեխաներին, իրենց ունեցած ողջ գիտելիքը փորձում են փոխանցել երեխաներին: Իհարկե, ունեն կենցաղային, սոցիալական խնդիրներ, բայց ամենաթանկը՝ գիտելիքը, նրանք պահպանել են ու զարգացնում են՝ փոխանցելով իրենց աշակերտներին: Դուք միայն պետք է տեսնեք ուսուցիչների ոգևորությունը, ուրախությունը, որ իրենց աշակերտները պետք է մասնակցեն այս նախագծին: Այդ ամենը տեսնելով՝ ավելի ենք համոզվում, որ այս նախագիծը պետք է լիներ»,- նշեց նախագծի հեղինակը:
Ս.Սմբատյանը տեղեկացրեց, որ մասնագիտական պարապմունքներ են անցկացվում մարզերի, Երևանի պատանի և երիտասարդ կատարողների հետ` կատարելագործելու նրանց վարպետությունն ու կատարողական հմտությունները. «Աշխատում ենք ծանրաբեռնված: Գալիս են նաև Երևան, հետ գնում: Սեպտեմբերի 12-ին արդեն բոլորը կգան Երևան՝ մինչև համերգը միասին փորձեր անցկացնելու համար»:
Նա նաև ասաց, որ հատուկ այս միջոցառման համար որպես մենակատարներ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան են հրավիրվել հայ կատարողական արվեստի երիտասարդ լավագույն ներկայացուցիչներ՝ մեցցո-սոպրանո Վարդուհի Աբրահամյան, բարիտոն Գևորգ Հակոբյան, թավջութակահար Նարեկ Հախնազարյան և ուրիշներ:
Խոսելով ծրագրի մասին, Ս.Սմբատյանն ասաց, որ հնչելու է միայն հայ կոմպոզիտորների աշխատանքներ՝ Խաչատրյան, Հարությունյան, Բաղդասարյան, Կոմիտասի մշակումներից, նաև կլինեն հայ ժամանակակից կոմպոզիտորներ գործեր, պրեմիերա. Վիեննայում ապրող հայազգի կոմպոզիտոր Վիգ Զարթմենը (Վիգեն Զարթմանյան) հատուկ այդ օրվա համար ստեղծագործություն է գրել:
«Վստահ եմ՝ այն ոգևորությունը, որ կզգա հանդիսատեսը, կլինի ավելի մեծ, քան մենք ակնկալում ենք»,- ասաց Սերգեյ Սմբատյանը:
Համերգը կայանալու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 21-ին: