«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Մերձավոր Արևելքի հիմնադրամի 2016թ. Երախտագիտության կրթաթոշակներ՝ 10 ուսանողների
Երախտագիտության կրթաթոշակ ստացած 10 ուսանողներ՝ Սիրիայից, Պաղեստինից, Իսրայելից, Հորդանանից, Պաղեստինյան տարածքներից և Լիբանանից, սեպտեմբերին իրենց ուսումը կսկսեն United World Colleges (Աշխարհի միացյալ քոլեջներ,UWC) ցանցի դպրոցներում աշխարհով մեկ։ Այս ուսանողներն ընտրվել են ցուցաբերած ուսումնական բարձր առաջադիմության հիման վրա։ Նրանք կամ փախստականներ են, կամ տեղահանված, ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում կամ առանց ծնողի (խնամակալի)։ Ուսանողներից յոթը կսովորեն Հայաստանի UWC Dilijan միջազգային քոլեջում, որն ուսանողներ ունի աշխարհի ավելի քան 60 երկրներից։ Այս մասին հայտնում են «IDeA» հիմնադրամի հանրային կապերի բաժնից:
Երախտագիտության կրթաթոշակները, որի ընդհանուր ֆոնդը 7 միլիոն դոլար է, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է։ Ծրագրի տևողության ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներում հակամարտություններից, տեղահանություններից և աղքատությունից տուժած 100 երեխայի բացառիկ հնարավորություն կտրվի կրթությունը շարունակելու UWC միջազգային ցանցի քոլեջներում։ Ծրագիրը հիմնադրվել է իբրև երախտագիտության դրսևորում՝ ուղղված Մերձավոր Արևելքի ժողովուրդներին, որոնք հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, օթևան և սնունդ տվեցին հայ գաղթականներին։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարել են նաև Ամալ Քլունիի անվան կրթաթոշակի շարունակության մասին։ Արդեն երկրորդ տարին է այս կրթաթոշակը հնարավորություն է տալիս լիբանանցի մի ուսանողուհու անվճար սովորել UWC Dilijan քոլեջի երկամյա Միջազգային Բակալավրիատում։ Կրթաթոշակը տրվում է այն ուսանողուհուն, որը լավ է սովորում է և հետաքրքրված է մարդու իրավունքներով ու միջազգային հիմնահարցերով։ Կրթաթոշակը հիմնվել է մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ամալ Քլունիի պատվին՝ նպատակ ունենալով ամրապնդելու միջմշակութային կրթությունն ու փոխըմբռնումը։
«Մենք հպարտ ենք, որ կարող ենք ուսում և միջազգային փորձառության հնարավորություն ընձեռնել Մերձավոր Արևելքի արժանի աշակերտներին, քանի որ Մերձավոր Արևելքը ժամանակին դարձել է նաև մեծ թվով հայերի տունը: Աշխարհի տարբեր կողմերից երիտասարդներին համախմբելով՝ մենք փորձում ենք նրանց մոտ վաղ տարիքից միջազգային երկխոսության ու փոխըմբռնման մշակույթ ստեղծել, երբ նոր-նոր են ձևավորվում փոխհարաբերությունները և մարդու արժեքային համակարգը։ Հուսով ենք, այսպիսով մենք նրանց դրդում ենք փոխըմբռնման, միմյանց հասկանալու՝ նույնիսկ դժվարին պահերին», -ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Ամալ Քլունիի կրթաթոշակառուն ընտրվել է ավելի քան 43 հոգանոց վերջնացուցակից՝ հատկապես գնահատվել է նրա բացառիկ առաջադիմությունը, լավատեսությունն ու սոցիալական պատասխանատվությունը, որը նա պլանավորում է լավագույնս դրսևորել իրավաբանական ուսման տարիներին:
«Հպարտ ենք, որ կարող ենք աջակցել գալիք սերնդի կին առաջնորդների կայացմանը,- հավելել է Ռուբեն Վարդանյանը,- մենք անչափ ուրախ ենք այն հնարավորությունների համար, որ այս կրթաթոշակը տալիս է Լիբանանի և տարածաշրջանի մյուս երկրների ուսանողուհիների առջև»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացնում և մասնակցում է մարդասիրական և սոցիալական նախագծերի աշխարհի հայերի անունից։ Նախաձեռնության կարևոր նախագծերից է «Ավրորա» մրցանակը՝ 1 միլիոն դոլարի համաշխարհային մարդասիրական մրցանակ, որը ճանաչման է արժանացնում նրանց, ովքեր վտանգի են ենթարկում իրենց՝ ուրիշների կյանքը փրկելու համար։ 2016 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին անդրանիկ մրցանակը հանձնեց Մարգարիտ Բարանկիցեին։
2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի թեկնածուների առաջադրումներ կարելի է անել մինչև 2016թ. սեպտեմբերի 9-ը։ Յուրաքանչյուր մարդ կարող է առաջադրել այն մարդասերներին, որոնք աշխարհի տարբեր կողմերում ջանք չեն խնայում մարդկային կյանք փրկելու և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Առաջադրելու համար խնդրում ենք անցնել այս հղումով:
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրը կոչ է անում առաջադրել մերօրյա հերոսների թեկնածությունը «Ավրորա» մրցանակին
- «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարը՝ փախստական երեխաներին և որբերին
- Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել «Ավրորա» մրցանակի թեկնածուի
- Տրվել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը
- «Ավրորա»-ի» դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա Թուրքիայում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում