Դրակսլերի տրանսֆերը չի վաճառվում
«Վոլֆսբուրգը» հերքել է տեղեկությունը, որ կիսապաշտպան Յուլիան Դրակսլերը մինչև տրանսֆերային պատուհանի փակումը կտեղափոխվի ՊՍԺ։ Eurosport.ru-ն հաղորդում է, որ բանակցություններ, իրոք, վարվել են, սակայն ՊՍԺ-ի ներկայացուցիչներին չի հաջողվել համոզել «Վոլֆսբուրգի» ղեկավարությանը։
Գերմանական ակումբը շտապել է հայտարարություն տարածել, որ խաղացողներից և ոչ մեկը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա «Ֆոլկսվագեն Արենայից»։
Հատկանշական է, որ Դրակսլերը ցանկություն էր հայտնել՝ տեղափոխվելու Ֆրանսիայի մայրաքաղաք, իսկ նրա գործակալը կարող էր «Վոլֆսբուրգի» համար 75-90 մլն եվրո պոկել փարիզյան ակումբից։ Չնայած դրան, գերմանական ակումբի ղեկավարությունը կտրականապես հրաժարվել է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը՝ հայտարարելով, որ այս դեպքում գումարային հարցը գլխավոր դեր չի կատարում։
Նշենք, որ «Վոլֆսբուրգի» հետ 22-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թ.։