ՀՀ նախագահ. Ուսման ընթացքում երկու տարի ԶՈՒ-ում ծառայելն որևէ խոչընդոտ չէ լավ գիտելիք ստանալու համար
Այս տարի որոշ օլիմպիականներ հանդիպել են խնդրի՝ ընդունվել են աշխարհի տարբեր բուհեր, բայց չեն կարողացել այնտեղ շարունակել կրթությունը, քանի որ չեն ունեցել բանակից տարկետման իրավունք, սակայն ունեն նույն տարկետման իրավունքը ԵՊՀ-ում սովորելու համար: ՀՀ նախագահական նստավայրում տարբեր մրցույթներում, օլիմպիադաներում մրցանակների արժանացած և 2015-2016 թթ. ուսումնական տարվա ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում մեդալակիր շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի Ա.Շահիյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից Էդգար Վարդանյանը, ով այս տարի ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի:
«Հնարավո՞ր է առաջիկայում լինեն այնպիսի ծրագրեր, որոնք օլիպիականներին կօգնեն, որ իրենք իրենց կրթությունը շարունակեն արտասահմանյան բուհերում, հատկապես, որ այդպիսի շրջանավարտների թիվը տարեկան չի գերազանցում մեկ տասնյակը»,- Էդգարը հարցով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Երկրի ղեկավարը պատասխանեց. «Նրանք, ովքեր ընդունվում են աշխարհի լավագույն տաս բուհեր, նրանք ևս ունեն նույն արտոնությունները, ինչ արտոնություն ունեն ԵՊՀ ընդունված երիտասարդները, ովքեր ընդունվել են պետպատվերով:
Կարող ես վստահ լինել, որ 2017 թվականին մենք հավասարեցնելու ենք այդ իրավունքները՝ կամ ԵՊՀ ընդունված երիտասարդներն էլ գնալու են ծառայելու, այնուհետև գալու են և շարունակելու իրենց ուսումն այնպես, ինչպես մնացածները, կամ այո՝ օլիմպիականներին ևս տրվելու է այդպիսի արտոնություն:
Կարծում եմ, որ ուսման ընթացքում երկու տարի հայկական զինված ուժերում ծառայելը որևէ խոչընդոտ չէ լավ գիտելիք ստանալու, լավ մասնագետ դառնալու համար:
Իմ անձնական օրինակը բերեմ՝ ԵՊՀ-ում սովորելու ժամանակ ծառայել եմ Սովետական միության զինված ուժերում, վերադարձել եմ և շարունակել ուսումս, շատ ավելի լավ եմ սովորել, քան մինչ բանակ գնալը: Կարող եմ բազմաթիվ մեծագույն մարդկանց կյանքից բերել օրինակներ, ովքեր ուսման ընթացքում ընդմիջում են ունեցել, բայց հետո դարձել են Նոբելյան մրցանակակիրներ, գիտության մեծերից:
Հայրենիք սիրելը, այո, նաև լավ սովորելն է, բայց հայրենիք սիրելը նաև հայրենիքի առջև անվտանգության պարտքը կատարելն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները