Նոր բուհ ընդունված ուսանողի առաջարկը՝ ՀՀ նախագահին
ՀՀ նախագահական նստավայրում տարբեր մրցույթներում, օլիմպիադաներում մրցանակների արժանացած և 2015-2016 թթ. ուսումնական տարվա ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում մեդալակիր շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ Սյունիքի մարզի Ակների միջնակարգ դպրոցի շրջանավարտ (մեդալակիր) Սոնա Սահակյանն առաջարկով դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին:
«Ես Ձեզ առաջարկություն ունեմ և շատ ուրախ կլինեմ, եթե ընդունեք: Ես առաջարկում եմ Ձեզ, որ վճարեք իմ ուսման վարձը: Հետագայում, եթե լավ առաջադիմություն չցուցաբերեմ և մեր երկրի համար իմ մասնագիտության ասպարեզում առաջնակարգ մասնագետ չդառնամ, ես կվերադարձնեմ Ձեր գումարը: Խոստանում եմ»,- ասաց Սոնա Սահակյանը:
Սոնայի առաջարկը ծափարահությունների արժանացավ:
Նախագահը նախ նշեց, որ խոստումը լավագույն երաշխիքն է, ապա հավելեց, որ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը գրանցեց և իրենք կանդրադառնան այդ հարցին:
«Ես իմ խոստման տերը կլինեմ»,- ասաց Սոնան:
Սոնա Սահակյանն ընդունվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ուսման վարձը տարեկան 540 հազար դրամ է:
Հանդիպման ընթացքում նաև այլ հարցեր հնչեցին, մասնավորապես՝ հնարավո՞ր է մեդալակիր աշակերտներին, ովքեր ընդունվել են բուհ՝ վճարովի, որևէ արտոնություն տրվի կամ զեղչային համակարգ կիրառվի:
«Խնդիրները կրթության և գիտության նախարարը կնայի, կտեսնենք՝ խոսքն ինչի մասին է, անպայման որևէ միջամտություն կլինի, խնդիրը կլուծվի: Կարևորը, որ ապագայում լավ մասնագետներ և քաղաքացիներ դառնաք»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Աշակերտներից մեկն էլ ցանկացավ իր հարցը չբարձաձայնել. «Պարոն նախագահ, կարո՞ղ եմ Ձեզ մի բան խնդրել: Կարելի՞ է Ձեր ականջին ասել»:
Սերժ Սարգսյանը լսեց նրան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան