ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» տուն են կառուցել Գորիսում
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» աշխատակիցներն ու ղեկավարները Սյունիքի մարզի Գորիս համայնքում մասնակցել են Հասրաթյանների կիսակառույց տան շինարարությանը:
Կազմակերպությունների կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով, հնգամյա համագործակցության արդյունքում` Հայաստանի բոլոր մարզերում աջակցություն է ստացել 134 ընտանիք: Սյունիքի մարզում ծրագրից օգտվել է 4 ընտանիք:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության փոխանցմաբ, Հասրաթյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրել է բնակարանի մասին երազանքներով: Ընտանիքի հայրը՝ Վարդանը զինծառայող է: Աշխատանքի բերումով, նաև տուն չունենալու պատճառով, Հասրաթյանները տարիներ շարունակ ապրել են վարձակալությամբ: Ընդ որում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Իջևանում, Ղափանում, Վայքում: 2002թ.-ին նրանց հաջողվում է կիսակառույց-կիսաքանդ մի տարածք գնել Գորիսի թաղամասերից մեկում, սակայն շինարարությունն ավարտին հասցնել և սեփական տանիք ունենալ՝ չեն կարողանում:
«Ճակատագրի բերումով շատ տներում ենք բնակվել: Երեխաներս հասակ են առել առանց զգալու տուն ունենալու բերկրանքը: Աղջիկս արդեն ուսանող է: Տղաս ծառայում է բանակում, փոքր որդիս դեռ աշակերտ է: Հույս ունեմ, որ այլևս ստիպված չենք լինի տնից տուն տեղափոխվել: Հիմա, երբ մեր տարիների երազանքը իրականություն է դառնում, անպատմելի է դառնում իմ ուրախությունը»,- ասել է ընտանիքի մայրը՝ Նազելին:
2016թ.-ին բնակարանի խնդիրն անցյալում կմնա ծրագրի շահառու 41 ընտանիքի համար. 21 ընտանիք կավարտի կիսակառույց տան շինարարությունը, ևս 20-ը՝ կնորոգի և հետագա քայքայումից զերծ կպահի իր տունը:
«Բոլորն էլ իրենց կյանքում ունենում են խնդիրներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում կամք և ժամանակ: Երբ մարդիկ զգում են, որ մենակ չեն՝ ավելի վստահ են հաղթահարում դժվարությունները: Այս ծրագիրն ունի երկու նպատակ: Առաջինը՝ երևացողը, մարդկանց կյանքում դրական փոփոխություն ապահովելն է: Առավել կարևոր է երկրորդը՝ անտարբերությունը մերժելու ցանկությունը: Կյանքը պահանջում է բաց աչքերով նայել իրականությանը և համարժեք արձագանքել իրավիճակին: Եթե ցանկանում ենք լուծված տեսնել խնդիրները, պիտի սովորենք սրտացավ լինել և համախմբվել»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Շինարարական աշխատանքների համար ամենաեռանդուն շրջանն արդեն ավարտին է մոտենում և, ահա, գալիս է բերքահավաքի ժամանակը: Իրականում, մեր ծրագիրն էլ իր բերքահավաքն ունի, երբ արդեն վերջին աշխատանքներն են տարվում տարիներ ի վեր կիսակառույց ու ավարտուն լինելուց այնքան հեռու եղած տների վրա: Մոտենում է այն ժամանակը, երբ տունը, բառիս բուն իմաստով, գույներ է ստանում, դառնում է կենդանի և, ընտանիքն էլ, վերջապես, զգում է, որ այսքան տարիների անթեղված հույսը վերջապես իրականանում է: Մոտենում է ընտանիքների ամուր տանիք ունենալու ժամանակը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար 2016թ.-ին հատկացրել է մոտ 105 մլն. ՀՀ դրամ /2015թ.-ին՝ 100 մլն. ՀՀ դրամ/:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին