Մարզիչ՝ ընդամենը 2 ժամով
Բուլղարական «Բոտև» ֆուտբոլային թիմի երկրպագուները ստիպել են գլխավոր մարզիչ Նիկոլայ Միտովին պաշտոնանկ լինել՝ նշանակումից ընդամենը 2 ժամ անց։ Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն։
Պաշտոնական ներկայացումից հետո Միտովն անցել է իր մարզչական պարտականություններին՝ պլովդիվյան ակումբի հետ անցկացնելով իր առաջին մարզումը, սակայն դժգոհ երկրպագուները խաղադաշտ են դուրս եկել, ընդհատել մարզումն ու մարզչից պահանջել լքել թիմը։
Միտովը հեռացել է՝ իր հետ տանելով օգնական Մարիան Քրիստովին, իսկ քիչ անց ակումբի ֆինանսավորումից հրաժարվել է «Բոտևի» սեփականատեր Ռումեն Չանդարովը։
Հավելենք, որ «Բոտևը» հանդես էլ գալիս Բուլղարիայի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացված 5 տուրերից հետո 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ Թիմը 2 անգամ՝ 1929 թ. և 1967 թ. դարձել է Բուլղարիայի չեմպիոն։