Տիգրան Գյոկչյան. «Մեր խնդիրը լավագույն եռյակում ընդգրկվելն է»
Բասկետբոլի Երևանի «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում խոսել է նոր կազմավորված թիմի մասին, պատմել է, թե ինչպես են ընթանում նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել է թիմի հնարավորություններին:
«Մենք հասել ենք թիմի ձևավորման վերջին փուլին: «Ուրարտու» բասկետբոլային ակումբի ձևավորումը սկսել ենք Եվրոպայի առաջնության ավարտից հետո: Ֆեդերացիայի ղեկավար այրերի հետ երկար և դժվար քննարկումներից և առաջարկներից հետո ընդհանուր նվիրված աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց ստեղծել բավականին լավ ակումբ, որտեղ հանդես կգան մրցունակ բասկետբոլիստներ:
Արդեն ունենք երկու պաշտոնական հաստատում: Առաջինը Տերի Սմիթն է, ում հետ արդեն համագործակցում ենք, իսկ երկրորդի անունը դեռևս չենք բարձրաձայնում, միայն սեպտեմբերի 10-ից հետո: Կհավելեմ միայն այն, որ վերջինս բարձր մակարդակի բասկետբոլիստ է, հանդես է եկել եվրոպական և ասիական առաջատար առաջնություններում: Կլինի նաև երրորդ բասկետբոլիստը, ով կստանա հայկական անձնագիր: Նա հանդես է եկել ԱՄՆ-ում և հեռանկարային մարզիկ է:
Հավաքականի անդամներից հրավիրվել են բոլորը, սակայն եկել են նրանք, ովքեր այս պահի դրությամբ ունեն այդ հնարավորությունը: Դանսթոնը կարող էր համալրել թիմը, սակայն նա թանկ խաղացող է և մենք չունենք այդ հնարավորությունը: Հավաքականի մի քանի այլ խաղացողներ դեռևս սովորում են ԱՄՆ-ում և հրավերք կստանան ավելի ուշ:
Անշուշտ, Ռուսաստանի առաջնությունում մեծ ցանկություն ունենք հաղթելու, բայց մեր խնդիրը լավագույն եռյակում ընդգրկվելն է: Հնարավորություններ ունենք հաղթելու, սակայն հակառակորդները բարդ են և փորձառու: Յուրաքանչյուր խաղում ձգտելու ենք հաղթել և վերջ: Մենք չենք լինելու «վիճակագրություն հաշվող» և չենք լինելու մրցաշարային աղյուսակի վերջնամասում:
Սեպտեմբերի 7-ից թիմը սկսում է ուսումնամարզական հավաքը Երևանում: Իսկ 20-ից հետո հավաքներ կունենանք Վրաստանում, որի ընթացքում նախատեսված են ընկերական հանդիպումներ մի քանի թիմերի հետ: Պլանավորում ենք նաև ընկերական հանդիպումներ ունենալ ղազախական թիմերի հետ»,- ասել է Գյոկչյանն ավելացնելով, որ «Ուրարտուի» երևանյան խաղերը կանցկացվեն «Միկա» մարզահամալիրում։