Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար պայքարող հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները
Ավարտվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը։
Նախարար Ղազարյանը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել մրցումներին հաջող մասնակցելու համար և շնորհակալություն հայտնել մարզիկներին՝ ֆիզկուլտուրայով և սպորտով ակտիվորեն զբաղվելու համար:
«Հարգելի´ մարզիկներ, դուք հասարակության լիիրավ անդամներ եք, մշտապես հիշե՛ք այդ մասին: Հիշեք նաև, որ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող բոլոր խնդիրները ՀՀ Նախագահի և ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են, և համատեղ ուժերով մենք կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն»,- ասել է Ղազարյանը:
Մրցումների հաղթողները և մրցանակակիրները արժանացել են ՀՀ Նախագահի դրամական մրցանակներին և գավաթներին: Բոլոր անհատական մրցաձևերում 1-ին տեղը զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են 150,000-ական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 140,000-ական դրամով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 130,000-ական դրամով:
Մրցումների միակ խաղային մրցաձևի՝ բասկետբոլի մրցումներում 1-ին տեղը զբաղեցրած թիմի բոլոր անդամները պարգևատրվել են 130,000-ական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 120,000-ական դրամով և 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 110,000-ական դրամով:
Թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Երևանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Սյունիքի և Լոռու մարզերի թիմերը, որոնք արժանացել են հատուկ գավաթների:
Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել էր օգոստոսի 28-ին, որին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական խնդիրներ և մտավոր սահմանափակումներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում: