Չեխիա-Հայաստան՝ 3։0. անատամ խաղ, արժանի պարտություն
Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիայի հավաքականի հետ խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ուժերի փորձարկման վերջին հնարավորությունն ուներ։ Մեր թիմն ընկերական խաղում մրցեց Չեխիայի հավաքականի հետ։
Վարուժան Սուքիասյանի համար սա հիանալի հնարավորություն էր ձեռքի տակ եղած բոլոր ֆուտբոլիստներին գործի մեջ տեսնելու համար, ինչն էլ նա օգտագործեց այս խաղում։
Սկզբից ևեթ դաշտի տերերը տիրեցին խաղային ու տարածքային առավելությանը, ինչի շնորհիվ էլ արդեն մեկնարկային 5-րդ րոպեին բացեցին հաշիվը։ Աչքի ընկավ Լադիսլավ Կրեյչին։ 34-րդ րոպեին նույն Կրեյչիի փոխանցումից հետո իր թիմի առավելությունը կրկնապատկեց Վացլավ Կադեցին՝ 2։0։
Հանդիպման 37-րդ րոպեին խաղադաշտը թողեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ում նկատմամբ մինչ 2-րդ գոլը կանոնները խախտել էր Չեխիայի հավաքականի ավագ Մարեկ Սուխին։ Վնասվածք, թե հանգստի հնարավորություն, պարզ կլինի հետո, սակայն Մխիթարյանը տեղը զիջեց Արտակ Եդիգարյանին։
Հետգրություն. Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր։ Չեխերը գրոհում էին, հարվածներ կատարում, իսկ մեր ֆուտբոլիստները ընդամենը փորձում էին գրոհել, հարվածել և նվազագույն չափով վտանգ ստեղծել։
Հանդիպման ավարտից րոպեներ առաջ դաշտի տերերը կարողացան նաև 3-րդ անգամ գրավել դարպասապահ Արսեն Բեգլարյանի դարպասը։ Այս անգամ հաջողության հասավ Յան Կոպիչը՝ 3։0։
Ընկերական հանդիպման տեսանկյունից նման խաղն ու նման հաշիվը կարելի է պարզապես ուժերի փորձարկման ձախողում համարել, սակայն պաշտոնական խաղում Վարուժան Սուքիասյանը սխալվելու իրավունք չունի, իսկ հետևություններ անելու համար նա ունի ընդամենը 4 օր։