Ընդամենը 1 առաջին դասարանցի Դաշտադեմում. Լոռու ծերացող գյուղերը
Դպրոցական զանգն այսօր առաջին անգամ կհնչի հանրապետության շուրջ 40 հազար առաջին դասարանցիների համար: ՀՀ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ աշակերտների թիվը մի փոքր ավելին է, քան անցած երկու տարիներին:
Մեր հարցին, թե կա՞ն արդյոք տվյալներ՝ հանրապետությունում քանի դպրոց այս տարի չի ունենա առաջին դասարանցիներ, կրթության գերատեսչության ներկայացուցիչը պատասխանեց, որ պատկերը պարզ կլինի առաջիկա երկու շաբաթների ընթացքում, սակայն չբացառեց, որ հանրապետությունում կլինեն առանց առաջին դասարանցիների դպրոցներ:
Մինչ ԿԳՆ-ն կհրապարակի վերջնական տվյալները, ներկայացնենք, թե Լոռու մարզի մի քանի գյուղերում սեպտեմբերմեկյան զանգը քանի առաջին դասարանցու համար կհնչի:
Մարզի Դաշտադեմ համայնքի միջնակարգ դպրոցն այս տարի մեկ առաջին դասարանցու կդիմավորի, ինչը դպրոցի համար արդեն ծանոթ երևույթ է:
«Նախորդ տարի էլ ենք մեկ առաջին դասարանցի ունեցել: Անցած ուսումնական տարվա դրությամբ դպրոցն ընդհանուր թվով 12 աշակերտ է ունեցել: Ամենաշատ՝ 4 աշակերտ ունեցողը 9-րդ դասարանն է»,-հայտնեց գյուղապետ Մարինե Խռոյանը:
Նրա խոսքով՝ վերջին չորս-հինգ տարում համայնքից հեռացողներ չեն եղել: Համայնքապետը լավատեսությամբ հավելեց, որ Դաշտադեմում նոր սերնդի աճին նայելով՝ գալիք պատկերն ավելի դրական է լինելու:
3 երեխա էլ առաջին դասարան կհաճախի Կաճաճկուտի հիմնական դպրոցում: Գյուղապետ Մխիթար Թամազյանն ասաց, որ նախորդ տարի 5 առաջին դասարանցի է ունեցել դպրոցը. «Գնալով պակասում է աշակերտների թիվը, այս տարի ունեցել ենք 7 շրջանավարտ, իսկ դիմավորում ենք 3 աշակերտի»:
Ի տարբերություն այս երկու գյուղերի, պատկերը փոքր-ինչ ոգևորող է Ծաթեր գյուղի հիմնական դպրոցում, որն այս տարի 8 առաջին դասարանցի կունենա՝ երկու աղջիկ և վեց տղա:
Առաջին դասարանի դասվար Սուսսաննա Պողոսյանը Panorama-ի հետ զրույցում պատմեց, որ այս տարի իր դասարանն ամենաշատ աշակերտ ունեցողն է լինելու դպրոցում. «Նախորդ տարի 3 առաջին դասարանցի ենք ունեցել, իսկ այս տարի մեր դպրոցի չորրորդ դասարանում մեկ աշակերտ կսովորի: Ծնուննդների թվին նայելով՝ պարզ է դառնում, որ մյուս տարվանից կրկին քիչ կլինեն դպրոցականները: Գյուղը ծերացել է, երիտասարդները գնում են, մեկը՝ քաղաք, մեկը՝ Ռուսաստանի Դաշնություն»:
Ավելացնենք նաև, որ Լոռու մարզի Ագարակի միջնակարգ դպրոցն ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կունենա 11 առաջին դասարանցի: Մարզի Կողես համայնքի հիմնական դպրոցը 2 առաջին դասարանցի կունենա, նախորդ տարի 5-ն են եղել: Իսկ ահա Յաղդան գյուղում առաջին դասարան կհաճախեն 7 երեխա, մեկ աշակերտով ավելի՝ քան անցած տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան