Հայտնաբերվել է Մուսոլինիի ուղերձը սերունդներին
Հռոմում գտնվող հուշարձանի մոտ հայտնաբերվել է ֆաշիստական Իտալիայի ղեկավար Բենիտո Մուսոլինիի ուղերձը սերունդներին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով BBC News-ին:
Գիտնականներն ասում են, որ գտածոն նմանը չունի պատմագիտության մեջ: Լատիներենով գրված տեքստը, որը կոչվում է Մուսոլինիի Կոդեքս, հայտնաբերվել է Իտալական ֆորումի՝ մարզական համալիրի կենտրոնում, որը կառուցվել է Հռոմում 1928-38 թվականներին: Հնագետների խոսքով, ուղերձը ուղղված չի եղել Մուսոլինիի ժամանակակիցներին, այլ պահված է եղել, որպեսզի այն գտնեն սերունդները:
Նամակը երեք մասից է: Առաջինը նվիրված է ֆաշիզմի պատմությանն ու Մուսոլինիի գործունեությանը: Նա նամակում հանդես է գալիս որպես հռոմեական նոր կայսր, ինչպես նաև ժողովրդի փրկիչ: Երկրորդ բաժինը պատմում է ֆաշիստական երիտասարդական կազմակերպության մասին, իսկ երրորդը՝ Իտալական ֆորումի շինարարության մասին:
Բենիտո Մուսոլինին Իտալիայի վարչապետ է եղել 1922-43 թվականներին, իտալական ֆաշիզմի հիմնադիրներից է: