Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում
Սեպտեմբերի 1-ին դպրոցական զանգ չի հնչել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում: Գյուղացիները երեխաներին դպրոց չեն ուղարկել ի նշան բողոքի. պատճառն այն է, որ դեռևս նախորդ տարի մթերված խաղողի գումարները «Վեդի Ալկո» ընկերությունը չի վճարել գյուղացիներին:
Ինչպես Panorama.am-ի զրույցում ասաց Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը, գյուղացիները երեխաներին սեպտեմբերի 1-ին չեն ուղարկել դպրոց , քանի որ նրանք գումար չունեն, որ իրենց երեխաների համար հագուստ, գրենական պիտույքներ գնեն:
«Բոլորն էլ ուզում են, որ իրենց երեխաներին նորմալ դպրոց ուղարկեն, բայց ինչպես, եթե հագուստ, կոշիկ, գիրք ու տետր չեն առել»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքերով՝ գյուղացիներն այսօր ուսուցիչներին շնորհավորել են ու ասել, թե ինչի համար դպրոց չեն ուղարկել:
Աշոտ Գալստյանը նշեց, որ Աղավնաձոր համայնքին «Վեդի Ալկո» ընկերությունը պարտք է շուրջ 140 միլիոն դրամ: «Անցած տարի հոկտեմբերին ենք խաղողը հանձնել, մինչև հիմա գումար չեն տվել: Ընկերությունը գումար չունի, որ վճարի: Հիմա էդ մարդը չի կարողանում վճարել, բոլոր ատյաններն էլ գիտեն այդ մասին»,- նշեց համայնքի ղեկավարը:
Նա միաժամանակ ասաց, որ համապատասխան պաշտոնյաններն այդ մասին տեղյակ են, եկել են գյուղ, գիտեն, թե ինչ խնդիր կա:
Աշոտ Գալստանի խոսքերով՝ հայտնի չէ, թե երբ երեխաներին դպրոց կուղարկեն: «Ոնց կարող ա մարդը սոված երեխային դպրոց ուղարկի: Տեսնենք, թե ինչ կլինի: Էդ մարդիկ իրենց արդար քրտինքի փողն են ուզում»,- նշեց Աղավնաձոր համայնքի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին