Այս ուսումնական տարին առանձնահատուկ նշանակություն ունի. ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ:
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Այս ուսումնական տարին առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի մեկնարկում է մեր երկրի անկախության 25-ամյա հոբելյանի նախաշեմին: Անկախությունն այն անսակարկելի արժեքն է, որի գիտակցումն սկսում է ձևավորվել դպրոցի և բուհի առաջին իսկ դասից: Անկախությամբ սկսվեց մեր երկրի պատմության նոր ու կարևորագույն մասը, իսկ նոր ուսումնական տարին նոր էջ է մարդու կենսագրության մեջ: Աշակերտը` ուսուցչի, ուսանողը` դասախոսի առաջնորդությամբ պետք է ձգտեն ոչ միայն այդ էջը, այլև ամբողջ կենսագրությունը դարձնել բովանդակալից: և համառությունն ու աշխատանքը, նպատակասլացությունն ու ջանասիրությունը միասին կհանգեցնեն այն արդյունքին, որն օգտակար կլինի թե՛ դպրոցն ու բուհն ավարտող պատանու և երիտասարդի, թե՛ նրանց ընտանիքների և թե՛ մեր երկրի համար:
Սիրելի աշակերտներ և ուսանողներ,
նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորանքների հետ մեկտեղ մաղթում եմ, որ գիտելիք տալուց և դաստիարակելուց բացի դպրոցն ու բուհը ձեզ համար բացեն նոր աշխարհի դռները և օգնեն բացահայտելու այն, սատարեն նվաճելու բարձունքներ, նպաստեն զգալու և վայելելու ազատությունը, բայցև զգոն պահեն` երբեք չմոռանալու դրա սահմանների մասին: Թող ամեն ուսումնական տարի ձեզ ավելի մոտեցնի ձեր նպատակներին` ուրախություն պարգևելով ձեր ծնողներին ու հարազատներին, ուսուցիչներին ու դասախոսներին, պատիվ ու փառք` մեր երկրին:
Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար ուսումնական տարին առաջինն է որպես աշակերտ և ուսուցիչ, որպես ուսանող և դասախոս: Հատուկ շնորհավորում եմ այն պրոֆեսիոնալներին, ովքեր իրենց աշխատանքով ու գործունեությամբ տարբեր կրթօջախներում հոգ են տանում լուսավորության ու կրթության մասին, ծնողներին, ում համար գիտելիքն իսկապես հարստություն է, այսօրվա և վաղվա սերնդի մրցունակությունն ու ապագան ապահովելուն ուղղված լավագույն ներդրումը:
Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, բարեկեցություն և լավատեսություն»,- ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
- «Օրվա խորհուրդը արտահայտում է մեր ժողովրդի ձգտումն ու սերը գիտության ու լուսավորության հանդեպ»
- Արցախում այսօր առաջին զանգը կհնչի 2636 աշակերտի համար
- Ընդամենը 1 առաջին դասարանցի Դաշտադեմում. Լոռու ծերացող գյուղերը
- Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների համար. ԿԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին