Թուրքիան, ներքաշվելով սիրիական պատերազմի մեջ, շեղել է իր ուշադրությունը Հարավային Կովկասից. Արա Պապյան
Ամառը շոգ էր ոչ միայն ջերմաստիճանի, նաև քաղաքական իրադարձությունների առումով: Կարևոր իրադարաձություններ տեղի ունեցան, այդ թվում թուրքական բանակի մուտքը Սիրիա: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանը:
«Թուրքիան տարիներ, ամիսներ էր խոսում այդ մասին, սակայն զուսպ վարքագիծ էր ցուցաբերում՝ հիմնականում զսպվելով Ռուսաստանի կողմից: Բայց Թուրքիային հաջողվեց Ռուսաստանի հետ որոշակի հաշտեցման գալ և դրա հետևանքով կարողացավ մուտք գործել Սիրիայի տարածք»,- նշեց նա՝ կարծիք հայտնելով, որ Թուրքիան նպատակ ունի ստեղծելու անվտանգության գոտի, որն իր մեջ պետք է ներառի Սիրիայի հյուսիսային սահմանի գոնե մի հատվածը, ինչը հնարավորություն կտա վերահսկել Թուրքիայի զենքի, զինամթերքի, մարտիկների ազատ անցուդարձն այդ հատվածով:
Ըստ քաղաքագետի, այն, ինչ տարիներ առաջ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հռչակել էր նեոօսմանիզմի քաղաքականութուն, այսինքն՝ Թուրքիայի քաղաքականության ազդեցության արտածում դեպի նախկին Օսմանյան տարածքներ, իրականացվում է:
Ա.Պապյանի դիտարկմամբ, սա ունի և բացասական, և դրական կողմ:
«Բացասականն այն է, որ Հալեպում, Սիրիայի հյուսիսում կար հոծ հայկական համայնք, այն գրեթե այսօր չկա: Դրականն այն է, որ Թուրքիան, ներքաշվելով սիրիական պատերազմի մեջ, շեղել է իր հնարավորություններն ու ուշադրությունը Հարավային Կովկասից: Եթե նկատել եք, վերջին ամսում շփման գծում վիճակը համեմատաբար խաղաղ է, մի շարք պատճառներ կան, որոնցից մեկն այն է, որ Ադրբեջանը չի կարող ակնկալել Թուրքիայի հնարավորինս լիարժեք աջակցությունը, դրա համար իրեն ավելի զուսպ է պահում: Կարծում եմ՝ դեռ մեկ-մեկուկես ամիս այդ վիճակը կշարունակվի»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով, շփման գծում շատ բան ի հայտ կգա ՌԴ-Արևմուք, ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում: Ըստ նրա, Ռուսաստանի հիմնական քաղաքականությունը Հարավային Կովկասում այսօր Ադրբեջանն ի ազդեցության տակ հնարավորինս ավելի մեծ չափով դնելն է. «Գիտենք, որ միակ լծակը, որ այսօր Ռուսաստանն ունի Ադրբեջանի վրա, ղարաբաղյան հարցն է»:
«Շատ բան այդ հարցում պայմանավորված կլինի Հայաստանի ներքին վիճակով, ինչքանով երկրում վիճակը կլինի կայուն, ամենակարևորը՝ ինչպիսի տնտեսական ցուցանիշներ կունենանք՝ երկիրը կզարգանա, թե կշարունակվի տնտեսական վիճակի վատթարացումը»,- ասաց Ա.Պապյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին