«Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակը: Դպրոցում հերոսի անվան դասասենյակ բացվեց, ներկա էին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Ադամ Սահակյանի ծնողները, ուսուցչական կազմը, աշակերտները:
««Ադամ Սահակյան, ներկա»: Այս խորագիրն ենք ընտրել՝ ցանկանալով, որ Ադամ Սահակյանը միշտ ներկա լինի և իր դպրոցում, և իր տանը, և իր երկրում, և իր հողի վրա: Սա ձեզ պատգամ, սիրելի աշակերտներ, միշտ բարձր պետք է պահեք Ադամի պատիվը»,- ասաց դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խոսքով, հերոսն առանձնաշնորհյալ բան չէ, հերոսը մեր կողքին ապրող երիտասարդն է, ով ինչ-որ մի պահի կատարում է իր պարտականությունները:
Ադամ Սահակյանի մայրը՝ Գոհար Անտոնյանը, հիշեց, երբ Ադամին ճանապարհում էին բանակ, հուզմունք կար, մի փոքր տագնապ, բայց նաև` հպարտություն:
«Մեծ հպարտություն եմ զգում: Ոչ բոլորին է բախտ վիճակվում այդքան երիտասարդ տարիքում կատարել իր միսիան։ Երբևէ չեմ դատապարտում նրան՝ անձնազոհության համար: Ես Ադամին ընդունում եմ այնպես, ինչպես կար, հպարտանում եմ: Ամեն մարդու չի վիճակված լինել այդքան երիտասարդ և նման բնավորություն ունենալ։ Տղաս մեր առասպելական հերոսներին շատ էր սիրում»,- ասաց Ադամի մայրը:
Հերոսի անունը կրող դասասենյակում կախված էին նրա լուսանկարները, «Ադամ Սահակյան, ներկա» գրությամբ ցուցանակ:
20-ամյա Ադամ Սահակյանը զոհվել է այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում: Ապրիլի 13-ին տեղի է ունեցել Ադամ Սահակյանի հուղարկավորությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում:
2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին Ադամը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան