Աղավնաձորցիներից մթերված խաղողի պարտքի հարցը առաջիկա 15 օրում կլուծվի. վարչապետ
Աղավնաձորցիների մթերած խաղողի դիմաց վճարումների հարցը առաջիկա 10-15 օրում կլուծվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե Աղավնաձոր համայնքում այսօր գյուղացիները երեխաներին դպրոց չեն ուղարկել՝ ի նշան բողոքի:
Վարչապետը նշեց, որ աղավնաձորցիների բողոքը վերաբերում է խաղողի մթերման գումարները չվճարելուն:
«Հիմա այնտեղ են մարզպետն ու համապատասխան գործարանի ղեկավարը, որը խաղողը մթերել է: Հիմա բանակցություններ են ընթանում և այդ հարցը առաջիկա 10-15 օրերի ընթացքում կլուծվի: Այն լրատվամիջոցները, որոնք լուրեր են տարածում, թե վարչապետը խոստացել է, որ պետք է վճարել ու ստել է, դրանք անհիմն ու դատարկ խոսակցություններ են, որևէ կապ չունեն իմ խոստացածի հետ»,- նշեց վարչապետը։
Հիշեցնենք, որ այսօր աղավնաձորցիները իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկել՝ ի նշան բողոքի: Պատճառն այն է, որ դեռևս նախորդ տարի մթերված խաղողի գումարները «Վեդի Ալկո» ընկերությունը չի վճարել գյուղացիներին: Panorama.am-ի զրույցում Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը ասել է, որ գյուղացիները երեխաներին սեպտեմբերի 1-ին չեն ուղարկել դպրոց , քանի որ նրանք գումար չունեն՝ իրենց երեխաների համար հագուստ, գրենական պիտույքներ գնեն: Աղավնաձոր համայնքին «Վեդի Ալկո» ընկերությունը պարտք է շուրջ 140 միլիոն դրամ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան