Կուադրադոն վերադառնում է «Յուվենթուս»
Լոնդոնյան «Չելսիի» կոլումբիացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն վարձավճարով տեղափոխվել է թուրինյան «Յուվենթուս»։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։ Վարձավճարային պայմանագիրն ուժի մեջ է 3 տարի։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։
Խուան Կուադրադոն «Ֆիորենտինայից» «Չելսի» է տեղափոխվել 2015 թ. ձմռանը։ Սակայն նա այդպես էլ չկարողացավ հաստատվել լոնդոնյան թիմի հիմնական կազմում և 2015 թ. ամռանը մեկ տարով վարձավճարով տեղափոխվեց «Յուվենթուս»։ Թուրինում 28-ամյա կոլումբիացին տեղ նվաճեց թիմի մեկնարկային կազմում՝ մրցաշրջանի ընթացքում անցկացնլով 41 խաղ, խփելով 5 գոլ ու կատարելով 8 արդյունավետ փոխանցում։
Վերադառնալով «Չելսի»՝ Կուադրադոն ակումբի ղեկավարությանն ասել է, որ ցանկանում է հեռանալ թիմից։ «Յուվենթուսից» բացի, նրա ծառայություններով հետաքրքրված էին «Միլանն» ու «Ֆիորենտինան»։
Նշենք, որ «Չելսիի» հետ Կուադրադոյի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թ. ամառը, իսկ դա նշանակում է, որ «Յուվենթուսում» վարձավճարային պայմանագրի լրանալուց հետո նա ազատ խաղացողի կարգավիճակ կունենա։