Սամվել Ռոստոմյան. «Այս տարի լավ արդյունքներ ակնկալել չենք կարող»
Բրազիլիայում Օլիմպիական կրքերը հանդարտվել են, սակայն սեպտեմբերի 7-18-ը Ռիոյում կրկին կթևածի մարզական շունչը: Այդ օրերին պայքարի մեջ կմտնեն Պարալիմպիկ խաղերի մասնակիցները:
Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 3-ին: Մեր երկիրը կներկայանա երկու մարզիկով՝ 1 ծանրորդով և մեկ լողորդով: Հատկանշական է, որ հարևան երկրներից Ադրբեջանն ունի 24 ներկայացուցիչ, Վրաստանը՝ 5, իսկ դոպինգ-սկանդալի կենտրոնում հայտնված Ռուսաստանի հավաքականը որակազրկվել է:
Թե ինչու է Հայաստանն այսքան պասիվ մասնակիցների քանակով, պատրա՞ստ են նրանք, արդյոք, պարալիմպիկ խաղերին, ի՞նչ հույսեր կան, ի՞նչ խնդիրներ են առկա պարալիմպիկ մարզաձևերի զարգացման գործում, այսօր «Sputnik Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, առագաստային սպորտի հայկական պարալիմպիկ առաջին թիմի մարզիչ և հիմնադիր Սամվել Ռոստոմյանը:
«1994 թ. ստեղծվեց առագաստային սպորտի հայկական պարալիմպիկ առաջին թիմը, որն առաջին անգամ 1996 թ. մասնակցեց Ատլանտայի Պարալիմպիկ խաղերին: 4 առագաստանավորդ էին և 1 ծանրորդ: Շատ հաջող թիմ էր, որը կարողացավ բավական լավ հանդես գալ:
Այս տարի Պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայանա 2 մարզիկով, խոսքը լողորդ Մարգարիտա Հովակիմյանի և ծանրորդ Գրետա Վարդանյանի մասին է: Նրանք մրցավայր կմեկնեն Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեի անդամների ուղեկցությամբ»,- ասաց Սամվել Ռոստոմյանը:
Ի դեպ, Մարգարիտա Հովակիմյանն արդեն ունի Պարալիմպիկ խաղերի մասնակցության փորձ: Նա մասնակցել է Լոնդոնի խաղերին և այստեղ է գրանցել իր անձնական ռեկորդը: Գրետա Վարդանյանը 2 անգամ հասցրել է մասնակցել Պարալիմպիկ խաղերին: 2008 թ. մրցել է Պեկինում, իսկ 2012-ին՝ Լոնդոնում, որտեղ էլ գրավել է 7-րդ հորիզոնականը:
Սամվել Ռոստոմյանի կարծիքով՝ այս տարի մենք լավ արդյունքներ ակնկալել չենք կարող, քանի որ առկա խնդիրները շատ են:
«Կարծում եմ՝ Ռիոյում սա կլինի մեր հերթական մասնակցությունը: Լավ արդյունքներ ակնկալել չենք կարող, խնդիրները շատ են: Տարեկան 2 փառատոն անցկացնելով՝ սպորտ չի լինում: Սա իմ համոզմունքն է: Բարդ է նաև այդ փառատոնների ընթացքում ընտրել այն մարզիկներին, ովքեր կկարողանան երկիր ներկայացնել: Չկա մրցակցություն, չկան մարզիկներ, որոնցից կարելի է ընտրություն կատարել: Նախկինում, օրինակ, ունեինք 10 լողորդ, հիմա նրանց թիվը շատ քիչ է: Նույնը ծանրամարտում է: Կարող էինք ունենալ տարբեր սպորտաձևեր ներկայացնող մարզիկներ, բայց չունենք: Զարգանալու համար մեզ անհրաժեշտ է մի քիչ մասսայականություն և մարզաձևի ճիշտ ընտրության իրավունք: Պետք է միջոցառումներ կազմակերպել և ընդգրկել տարբեր հաշմանդամություն ունեցող մարդկանց»,- նշեց Ռոստոմյանը:
Հայաստանի հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի նախագահը վերջում ավելացրեց, որ հնարավորության սահմաններում հետևել է Ռիոյի արդեն ավարտված Օլիմպիական խաղերին և մեր մարզիկների մրցելույթներին:
«Ցավոք, քաղաքում չէի, իսկ շրջաններ ինֆորմացիան դժվար է հասնում: Հնարավորության սահմաններում հետևել եմ մեր մարզիկների մրցելույթներին: Կարծում եմ՝ քաղաքականությունն իր դերը խաղաց. ինչը մեր ժամանակին զգացել ենք նաև մենք: Մյուս մարզաձևերում էլ մշտապես այդ խնդիրը եղել է: Ի դեպ, ինչ կատարվում է Օլիմպիական խաղերում, ինչպես վերաբերվում են մարզիկներին, ինչպիսի անարդար մրցավարություն է լինում, այդ ամենն առկա է նաև Պարալիմպիկ խաղերում: Ոչ մի տարբերություն չկա, որ նրանք հաշմանդամություն ունեցող մարդիկ են»,- եզրափակեց Ռոստոմյանը:
Վերջում նա հավելեց, որ հաշմանդամ՝ չի նշանակում հիվանդ, և մարզիկների նկատմամբ վերաբերմունքը նույնն է, ինչ մեծ սպորտում: