Մենք պարտավոր ենք նաև արագացնել կրթության զարգացման տեմպերը. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ներկայացնում են ուղերձն ամբողջությամբ.
«Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, ուսուցիչներ ու ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:
Եթե նախկինում կարևոր էր կրթություն քարոզելը, ապա 21-րդ դարում այլևս դրանում ոչ ոք չի կասկածում: Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը յուրաքանչյուր անհատի և հասարակության համար: Հայաստանում դրա գիտակցումը կա: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի պատրաստակամությամբ և նվիրումով են ծնողները երեխաների համար լավ կրթության ուղիներ փնտրում:
Մենք հետևողականորեն կատարելագործում ենք մեր կրթական համակարգը: Մենք նաև գիտենք, որ թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում ունենք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները վերաբերում են հատկապես կրթության մակարդակին, որից մենք գոհ չենք: Մենք գոհ չենք ոչ միայն այն պատճառով, որ կատարելությունը սահման չունի, այլև այն պատճառով, որ ժամանակակից աշխարհում զարգացման տեմպերը կտրուկ մեծացել են: Մենք պարտավոր ենք շարժվել աշխարհին համաքայլ: Մենք պարտավոր ենք նաև արագացնել կրթության զարգացման տեմպերը:
Մեր խնդիրն է նաև լավ կրթությունը դարձնել մատչելի բոլորի համար: Ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը ոչ վճարունակ լինելու պատճառով:
Դատելով միջազգային մրցույթներում մեր դպրոցականների արդյունքներից՝ մեր դպրոցի ցուցանիշները վատ չեն: Մեր դպրոցը մրցունակ է, բայց չպետք է բավարարվել եղածով, ուստի անհրաժեշտ է տարեցտարի բարձրացնել մեր պահանջների նշաձողը: Հակառակ դեպքում մենք շատ հետ կմնանք զարգացող աշխարհից:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններով լի ուսումնական տարի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները