Գաբրիել Ղազարյան. «Կարատեն ընդգրկվել է 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագում»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահի և այդ ֆեդերացիային անդամակցած արևելյան մարզաձևերի ֆեդերացիաների ու ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին խորհրդակցությանը մասնակցելու համար, բոլորին հորդորել լինել ակտիվ և անկաշկանդ ներկայացնել իրենց հուզող հարցերը:
«Նախ ուրախալի է այն փաստը, որ արևելյան մարզաձևերի 23 ֆեդերացիա և ակումբ այսօր արդեն անդամակցել են Հայաստանի կարատեի ֆեդերացիային: Սա Հայաստանում գործող կարատեի միակ ֆեդերացիան է, որն անդամակցում է մարզաձևի միջազգային ֆեդերացիային և որի հետ մենք ենք համագործակցում: Կարծում եմ՝ գիտեք, որ կարատեն ընդգրկվել է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագում: Այնպես որ, մենք այս քառամյա փուլում շատ անելիքներ ունենք, և ես վստահ եմ, որ համախմբված և հետևողական աշխատանքի շնորհիվ այդ խաղերին Հայաստանը կներկայացնեն նաև կարատե մարզաձևի ներկայացուցիչները»,- ասել է նախարարը:
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միխայելյանը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել նախարարին՝ մարզաձևի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար և նշել, որ չնայած ֆեդերացիային անդամակցել են կարատեի տարբեր ոճերի ներկայացուցիչներ, սակայն բոլորն առաջնորդվում են մեկ նպատակով՝ լավագույնս ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային մրցահարթակներում: