Գերմանիայի հավաքականը նոր ավագ ունի
«Բավարիայի» ավագ Մանուել Նոյերը Բունդեսթիմում կկատարի միջազգային կարիերան ավարտած Բաստիան Շվայնշտայգերի պարտականությունները, այսինքն՝ կկրի ավագի թևկապը: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն այս առիթով նշել է, որ Բունդեսթիմում շատ են առաջատար ֆուտբոլիստները, ովքեր կարող էին դառնալ նոր ավագ, բայց, իր կարծիքով, Շվայնշտայգերի իրավահաջորդը պետք է դառնար հենց Նոյերը:
«Մանուելն ունի բոլոր այն հատկանիշները, որոնք հարկավոր են ավագին: Նա մարզական մեծ հաջողություններ է գրանցել, թիմային խաղացող է և լավ օրինակ՝ մյուսների համար: Բացի այդ՝ Նոյերը պատասխանատու մարդ է, ով թիմում մեծ հարգանք է վայելում: Նրա խոսքը կշիռ ունի, ինչը ևս փաստում է մարդկային լավ որակների մասին»,- ասել է Լյովը: