Կառավարությունը հավանություն տվեց Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թթ-ի գործողությունների ծրագրին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թթ-ի գործողությունների ծրագրին:
Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարար Արեմն Մուրադյանը, 2016-2020 թվականների համար անհրաժեշտ է նոր ազգային ռազմավարություն և ծրագիր` համահունչ միջազգային գլոբալ ռազմավարություններին, մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպության 2015թ. հռչակած «Փոխելով մեր աշխարհը. Օրակարգում Կայուն զարգացում մինչև 2030թ. գործողությունների պլանին» և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Եվրոպական քաղաքականության հիմունքները և ռազմավարությունը XXI դարի համար, Առողջություն 2020թ.» փաստաթղթին: Միջազգային այդ փաստաթղթերում սահմանված է երեխաների առողջության պահպանման և բարելավման գերակայությունը ամբողջ աշխարհում:
Արմեն Մուրադյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը 2009 թվականին հավանության է արժանացրել «Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ռազմավարությունը» և 2009–2015թթ. գործողությունների պլանը,որի արդյունքում գրանցվել են երեխաների և դեռահասների առողջության ցուցանիշների ակնհայտ դրական միտումներ, միևնույն ժամանակ որոշ խնդիրներ պահպանում են իրենց արդիականությունը:
Ըստ նախարարի՝ երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման 2009-2015թթ. ազգային ռազմավարության ընդունմանը հաջորդող տարիներին գրանցվել է որոշակի առաջընթաց, թե' երեխաների առողջության և մահացության ցուցանիշների, թե' համակարգային խնդիրների բարելավման համատեքստում:
Այսպես, վերոհիշյալ ռազմավարության ակնկալվող արդյունքներով նախատեսվում էր կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացությունը 30%-ով` 2006թ. 13,9‰ ելքային ցուցանիշի նկատմամբ: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած նախնական տվյալների, 2015թ. հաջողվել է կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը մինչև 8,8‰, նվազեցնելով այն 36,7%-ով:
Ռազմավարության գործողության տարիների ծրագրային մեծ ձեռքբերումներից էր «Երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրումը», որի ազդեցությունը ինչպես երեխաների առողջության պահպանման ոլորտի մատչելիության և որակի, այնպես էլ ամբողջ առողջապահական համակարգի վրա դժվար է գերագնահատել:
Արդիականացվել և վերազինվել են մանկական վերակենդանացման բուժօգնություն իրականացնող ծառայությունները մարզերում, ստեղծվել է միջմարզային նշանակության մանկական վերակենդանացման բաժանմունք Կապանի ԲԿ-ում, ուժեղացվել և նորածնային տեղերով հագեցվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի մանկական վերակենդանացման բաժանմունքը: շ
Շարունակվել և ընդլայնվել են նորածնային սկրինինգային ծրագրերը, որոնք ունեն ուղղակի ազդեցություն բնածին հիվանդությունների վաղ հայտնաբերման, հետևաբար և դրանցով պայմանավորված հաշմանդամության կանխարգելման վրա: Ներդրվել է նոր` սրտի բնածին արատների հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգ:
Այսպիսով, ըստ հիմնավորման, նախագծի ընդունման նպատակն է երեխաների և դեռահասների առողջապահական համակարգի կառա¬վարման բարելավմամբ ոլորտում առավել նպատակային դարձնել առկա մարդկային, նյութական, ֆինանսական ռեսուրսների օգտագործումը, պայմաններ ստեղծել երեխաների և դեռահասների զարգացման, առողջության և բարեկեցության ապահովման, մահացության և հիվանդացության իջեցման համար: Որպես նպատակին հասնելու կարևոր միջոցներ են դիտարկվում երեխայակենտրոն առողջապահական ծառայությունների տրամադրումը` վաղ մանկությունից սկսած մինչև հասունություն, մասնագետների, հասարակության, միջգերատեսչական համագործակցության խթանումը, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային ռազմավարական փաստաթղթերի դրույթների իրականացումը, որոնք են` բուժօգնության տրամադրման հավասարությունը, արդարությունը, մատչելիությունը, բժշկական օգնության որակի ապահովումը, ապացուցահեն մոտեցումների և տեխնոլոգիաների ներդրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա