Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է
«Ինչի՞ց եք վախենում… Եթե մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը նման հարց տայիք, կասեի, որ վախենում եմ պատերազմից, բայց ապրիլյան դեպքերից հետո իրավունք չունեմ այլևս վախենալու: Ոչնչից չեմ վախենում: Մեր այդ լուսավոր, պայծառ տղաները, որ կարողացան այդպես կուրծքները բաց կանգնել և զոհվել հանուն մեր հայրենիքի, ուրեմն ես ոչնչից չեմ վախենում»,- Հանրային հեռուստաընկերության «Չակերտներ» հաղորդման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:
Այսօր օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է. 1961 թ. Երևան:
Հասմիկ Պապյանը ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան նախ որպես ջութակահար, ապա որպես երգիչ (Մ. Հարությունյանի դասարան)։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իր դեբյուտից հետո, նա հրավիրվել է Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոններ՝ որպես մենակատարներից մեկը։
Շուտով նա դուրս է եկել միջազգային ասպարեզ, և այդ ժամանակից ի վեր ելույթներ ունեցել բազմաթիվ թատրոններում, այդ թվում աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում և համերգային սրահներում, ինչպիսիք են՝ Մետրոպոլիտեն օպերան և Կարնեգի Հոլլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու մեծ թատրոնը, Մադրիդի թագավորական թատրոնը, Լոնդոնի Վիգմոր Հոլլը,Վիեննայի պետական օպերան և Վիեննայի Մուսիկվերենը, Ամստերդամի Նիդեռլանդական օպերան, Ցյուրիխի օպերան, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, ինչպես նաև Մյունհենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի և Բեռլինի պետական օպերաները։
Նրա խաղացանկը ներառում է՝ Մոցարտի Դոննա Աննա («Դոն Ջիովաննի»), Ռոսսինիի Մաթիլդա («Վիլհելմ Տելլ»), Հալևիի Ռաքել («Ջհուդուհի»), Բիզեի Միկաելա («Կարմեն»), Պուչինիի Միմի («Բոհեմ»), Մագդա («Ծիծեռնակ»), «Տոսկա», «Մադամ Բատերֆլայ», Բոյտոյի Մարգարիտ / Ելենա («Մեֆիստոֆել»), Չայկովսկու Լիզա («Պիկովայա դամա»), Ռիխարդ Վագների Սենտա («Թռչող հոլանդացի»), նաև Վերդիի տասներկու դերերը՝ «Տրավիատա», Դեզդեմոնա («Օթելլո»), «Աիդա», Լեոնորա («Տրուբադուր» և «Ճակատագրի ուժը»), Ելիզավետա («Դոն Կարլոս»), Ելենա («Սիցիլիական ժամերգություն»), Ամելիա («Սիմոն Բոկանեգրա»), Էլվիրա («Էրնանի»), «Լեդի Մակբեթ», Էբիգեյլ («Նաբուկկո»), Օդաբելլա («Աթիլլա»), ինչպես նաև Ռեքվիեմը:
Պապյանի խաղացանկի կենտրոնական մասն է Բելլինիի «Նորման», ի թիվս այլոց այդ դերով նա հանդես է եկել Վիեննայի ազգային օպերայում, Թուրինի թագավորականում, Մոնրեալում, Բալթիմորում, Դեթրոյթում,Դենվերում, Վաշինգտոնում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Մարսելի, Մոնպելյեի օպերաներում, օպերային փառատոներին՝ Օրանժում (Հարավային Ֆրանսիա), Սիցիլիայում, Մանհայմում, Շտուտգարտում,Ռոտերդամում Ամստերդամի Նիդերլանդական օպերան: Ամստերդամի կատարումը 2006 թ-ի հոկտեմբերին թողարկվել է թվային տեսասկավառակ (DVD) տարբերակով։
Հասմիկ Պապյանը ելույթներ է ունեցել եվրոպական երկրների մեծ մասում, Իսրայելում, Լիբանանում (Բաալբեկի միջազգային փառատոն), Ճապոնիայում, Լատինական Ամերիկայում (Մեքսիկա, Բրազիլիա, Չիլի), ինչպես նաև Կանադայում (Տորոնտո, Մոնրեալ) և Միացյալ Նահանգներում (Վաշինգտոն, Սան Ֆրանցիսկո, Բալթիմոր, Դեթրոյթ, Ցինցինատիի փառատոն, Դենվեր և այլն), ուր նրան հրավիրում են պարբերաբար։ Նա կատարումներ է ունեցել շատ նշանավոր դիրիժորների հետ, ինչպիսիք են Ռիկարդո Մուտին, Վալերի Գերգիևը, Ժորժ Պրետրեն, Միշել Պլասսոն, Մարսելո Վիոտտին, Մաուրիցիո Արենան, Մյունգ-Վհուն Չունգը, Գենադի Ռոժդեստվենսկին, Պլասիդո Դոմինգոն, Լեոնարդ Սլատկինը, Ջեյմս Մորիսը և Ջեյմս Կոնլոնը:
Իր մենահամերգների ժամանակ նա շատ ակտիվորեն ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների երաժշտությունը՝ Կոմիտաս Վարդապետ, Երանյան, Կանաչյան, Չուխաճյան, Տիգրանյան, Ավետ Տերտերյան և Տիգրան Մանսուրյան:
2006 թ-ին թողարկել է թվային ձայնասկավառակ Կոմիտասի 36 երգերով՝ այդ թվում նաև գերմանական պոեզիայով գրված ինը երգերը, որոնք ընդհանրապես կատարվել են առաջին անգամ։
«Կա մի ստեղծագործություն, որը երբ լսում եմ, կարող եմ շարունակ լսել և ծնկի գալ՝ Կոմիտասի Հայրապետական մաղթանքն է, որն ինձ իսկապես հուզում է: Մինչև հիմա չեմ կարողացել հասկանալ՝ այդ ինչպես է պատահել, որ մի ժողովուրդ, ով ունի այսպիսի երաժշտություն, այսօր ունի այսքան խնդիրներ և չի կարող լիաթոք ապրել: Հույս ունեմ, որ այդ օրը հեռու չէ: …
Հայաստանին պակասում է հավատը վաղվա օրվա հանդեպ»,- նույն հաղորդման ժամանակ ասել է Հասմիկ Պապյանը:
Լուսանկարները՝ տարբեր աղբյուրներից
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում