Որպես պետություն Արցախը կայացել է ՝ պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտներով. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում շնորհավորելով Արցախի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ՝ նշեց, որ 25 տարվա ընթացքում Արցախի ժողովուրդը հստակ ապացուցեց, որ ինքը տեր է իր կայացրած որոշման, այսինքն՝ որպես պետություն Արցախը կայացել է ՝ պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտներով:
«Վերջին ապրիլյան պատերազմը ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը պատրաստ է և այսօր էլ ցանկացած արկածախնդրություն հետ մղելու»,-նշեց Շավարշ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա Շավարշ Քոչարյանը նշեց, որ 20 տարուց ավելի տևած բանակցային գործընթացում Ադրբեջանի դեսկրուտիվ այդ քաղաքականությունը արդեն ի հայտ է բերում կամ էլ առաջին պլան է մղում այն խնդիրը, որ ԼՂՀ-ի ճանաչումն է, որը կարող է արդյունավետ դարձնել ամբողջ բանակցային գործընթացը:
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք` ինչ-որ պետություններ ճանաչեն Արցախի անկախությունը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ սա այն պահն է, որ ԼՂՀ-ն այդ ուղղությամբ աշխատում է և դա նոր չէ, դեռևս կան այդպիսի որոշումներ, սակայն դա նահանգների մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով են, իսկ երկրներ դեռ չկան, սակայն այդ աշխատանքը կատարվում է, և շատ կարևոր է ուժերը կենտրոնացնել այդ ուղղությամբ»:
Դիտարկմանը, թե արդյոք դիվանագիտական ձախողում չէ, որ այս տարիների ընթացքում որևէ պետություն չի ճանաչել ԼՂՀ-ն, փոխարտգործնախարարը նշեց, որ այդպիսի խնդիր չի դրվել:
«Խնդիրը դրված էր բանակցային գործընթաց, միջազգային ճանաչում և այդ միջազգային ճանաչումը պամանավորում էր բանակցային գորընթացով: Բայց Ադրբեջանի ձևավորած դեսկրուտիվ դիրքորոշումը հենց խոսում է այն մասին, որ այսօր պետք է շատ լրջորեն, նույնիսկ վերանայել այն մոտեցումները, որոնք կային բանակցային գործընթացում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է հողերի հետ վերադարձնելու խնդրի մասին խոսակցություներին, նա նշեց, որ չգիտի, թե ով է խոսում այդ մասին, սակայն այդպիսի խնդիր երբեք դրված չի եղել:
Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, թե Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո վերջապես բանակցություններն ընթանում են ճիշտ ուղով, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Միթե 20 տարի իրենց ասածները ձեզ համար ակնհայտ չեն, որ դրանք որևէ մեկնաբանության կարիք չունեն: Իրենք ասում են այն, ինչն իրենց ձեռնտու է, մի բան է խոսվում բանակցային սեղանի շուրջ, այլ բան՝ այլ տեղ, դրա համար մեկնաբանելու որևէ կարիք չկա: Ոչ թե պետք է մեկնաբանել, այլ պետք է քո գիծն առաջ տանել»:
Նրա խոսքերով ՝ պետերբուրգյան հանիպումը շարունակությունն էր Վիեննայի հանդիպման, որոնց նպատակը մեկն է եղել. քանի դեռ շփման գծում կան սադրանքներ, կրակոցներ, բանակցային գործընթացը չի կարող առաջ գնալ: «Տրամաբանական , պարզ հարցադրումներ են: Բայց այդ ուղղությամբ չենք տեսնում արդյունք, իսկ արդյունք կլինի այն, որ իրոք համապատասխան մեխանիզմներ ներդրվեն, ընդլայնվի մոնիթորիգային խմբի կարողությունները և վերջ դրվեն այդ սադրանքներին»,-նշեց Շավարշ Քոչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան