Փաշիկ Ալավերդյան. «Քննադատաբար եմ մոտենում Տիգրան Մարտիրոսյանից բրոնզե մեդալը հետ պահանջելուն»
Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած դոպինգ-սկանդալները չեն շրջանցել նաև ծանրամարտը: Որքան էլ մեծ է ոգևորությունն ու հաղթանակի բերկրանքը, «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպած Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը չկարողացավ չանդրադառնալ այդ թեմային:
Գլխավոր մարզիչը նախ խոսեց ծանրորդ Աղասի Աղասյանի այն հայտարարության մասին, որ Ռիո մեկնած Առաքել Միրզոյանն արդյունքներով զիջում էր իրեն, սակայն մրցավայր մեկնեց հոր՝ Օգսեն Միրզոյանի շնորհիվ:
«Եթե անգամ Ռիո մեկնելու հնարավորություն տրվեր ևս մեկ մարզիկի, ապա դա Աղասի Աղասյանը չէր լինի: Դա իմ կարծիքը չէ, այլ մարզչական խորհրդի, ինչպես նաև այդ մարզիկի գրանցած աշխատանքի արդյունքն էր: Նա միջազգային մրցաշարերում արդյունքներ չէր գրանցել, իսկ միայն Հայաստանի առաջնությունումում բարձր ցուցանիշներն Օլիմպիական խաղերի ուղեգիր չեն ապահովում»,- ասած Ալավերդյանը:
«Ինչ վերաբերում է դոպինգ-սկանդալներին, ապա դա միայն մեր պետությանն ու միայն մեր մարզիկներին չի վերաբերվում: Նրանք շատ են հատկապես ծանրամարտում: Այո, Տիգրան Մարտիրոսյանի՝ 8 տարի առաջ տված դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել: Ես ոչնչով չեմ ցանկանում արդարացնել որևէ մարզիկի կամ մարզիչների, պարզապես տեղյակ եմ իրադարձությունների զարգացմանը, քանի որ 20 տարի շարունակ ֆեդերացիայի մամուլի քարտուղարն եմ:
Երբ մարզիկները 8 տարի առաջ ժամանում էին Օլիմպիական գյուղ, արյան կամ մեզի անալիզ էին հանձնում, դա առանց բացվելու պահվում էր: Ես վստահաբար կարող եմ ասել, որ այն ժամանակ անխտիր բոլոր մարզիկներն ինչ-որ բաներ են օգտագործել, պարզապես այն ժամանակվա լաբորատորիաներն այդ չափաբաժինները չէին կարողանում որոշել: Խնդիրն ահա թե ինչումն է. մարդիկ արդեն մաքուր գնացել են մրցումների, սակայն այն պահված անալիզները 2-3 Օլիմպիադաների ժամանակ դեռ կարող են վերստուգվել: Ես չեմ արդարացնում ոչ ստուգողներին, ոչ օգտագործողներին: Պարզապես բոլոր մարզիկները եղել են միևնույն հարթության վրա:
Ուզում եմ քննադատաբար մոտենալ Տիգրան Մարտիրոսյանից բրոնզե մեդալը հետ պահանջելու փաստին: Եթե նրանք փորձում են մեդալ վերցնել կամ այն փոխանցել մեկ ուրիշ մարզիկի, ապա պարտավոր են ստուգել անխտիր բոլորին՝ առաջինից մինչև զրո կամ վնասվածք ստացած մարզիկներին: Ի՞նչ է նշանակում բրոնզե մեդալը վերցնել տալ 4-րդ տեղը գրաված մարզիկին: Արդյո՞ք ստուգել եք նրան: Ոչ: Այսինքն նրանք գործին վատ են տեղյակ կամ միտումնավոր են անում՝ որոշ պետությունների նկատմամբ»,- ասաց Ալավերդյանը:
Նա ավելացրեց, որ մինչև սեպտեմբերի վերջն այս հարցին վերջնական լուծում կտրվի: Ֆեդերացիաներն իրենց ընդլայնված նիստերում կքննարկեն հարցն ու որոշում կկայացնեն, որից հետո որոշման մասին փաստաթղթերը կուղարկվեն Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա: Ինչ որոշում էլ կայացվի, բողոքարկելու իրավունք չենք ունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում