Ալավերդյան. «Նույնն է, թե պատերազմի ժամանակ 2 զինվոր զոհվի, մնացածը թողեն գնան տուն»
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց այն մասին, թե ինչն օգնեց իր սաներին հաջողության հասնել: Գաղտնիք, որպես այդպիսին, չկա, պարզապես խոսքը գնում է տեխնիկական և տակտիկական պատրաստակամության մասին:
«Ծանրորդը, երբ մոտենում է ծանրաձողին և հնարք է կատարում, ապա նա, առաջին հերթին, պետք է մտածի իր հնարավորությունների մասին: Եթե որևէ մեկի մոտ որևէ բան չի ստացվում, դա չպետք է ազդի մյուսների վրա: Սա նույնն է, թե պատերազմի ժամանակ 2 զինվոր զոհվի, մնացածը թողեն գնան տուն: Սրանք իմ զինվորներն են, որոնց մեջ կա հոգի, պատրաստակամություն և առանց վարանելու ես իրենց ուղարկում էի մրցահարթակ:
Եվրոպայում համարվում եմ մարզչական և տեխնիկական անդամ: Մենք 8-ն ենք: Տարվա ընթացքում մի քանի անգամ Եվրոպայում շրջում ենք և դասախոսում, թե ինչպես պետք է մարզիկին տեխնիկական և տակտիկական պայքարի մեջ մտցնել կամ երբ է հարկավոր պայքարից հանել նրան: Այս հարցերը մենք ուրիշներին ենք սովորեցնում և պետք չէ ենթադրություններ անել, թե այս կամ այն մարզիկի համար ինչու այսքան քաշ պատվիրեցինք կամ չպատվիրեցինք: Քիչ է մնում ինձ սովորեցնեք: Վիրավորված չեմ, պարզապես տհաճ է չիմացածն արտահայտելը»,- ասաց Ալավերդյանը:
Կրկին անգամ անդրադառնալով Տիգրան Մարտիրոսյանի որակազրկման ժամկետներին, մարզիչը փաստեց, որ ամեն ինչ կորոշի ծանրամարտի միջազգային ֆեդերացիան և ոչ թե ՄՕԿ-ը:
«Այն մեղադրանքները, որ ներկայացնում է Միջազգային Օլիմպիական Կոմիտեն, դեռ հիմք չի ծառայում, որպեսզի ծանրամարտի ֆեդերացիան որևիցէ քայլեր ձեռնարկի: Մեր անմիջական ղեկավարը հանդիսանում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, մնացածի հետ մենք գործ չունենք: Բոլոր սանկցիաներն ընդունվում են այդ կառույցի կողմից: Բացի այդ, արգելված խթանիչներ մարզիկն օգտագործել է, թե ոչ, ժամանակակից տեխնոլոգիաներով պետք է հայտնեն 48 ժամվա ընթացքում և ոչ թե 100 տարի հետո»,- ասաց Ալավերդյանը:
Խոսելով մարզադպրոցների անմխիթար վիճակի մասին՝ Փաշիկ Ալավերդյանն ավելի լավատեսորեն էր տրամադրված և նշեց, որ վիճակն այնքան էլ վատ չէ, ինչպես ներկայացվում է:
«Պայմանները, իհարկե, գերազանց չեն, բայց շատերից էլ լավն են: Խորհրդային Միության ժամանակ Յուրիկ Սարգսյանի մարզումների ընթացքում քամին փչում էր, ծուխը լցվում էր սենյակ, այլևս մարդ չէինք ճանաչում: Հիմա ամեն տարի վերանորոգման աշխատանքներ են կատարվում և մարզադահլիճներն ապահովում են գույքով: Այն մարզադպրոցը, որտեղ մարզվում է Սիմոն Մարտիրոսյանը,մեկ տարի առաջ ստացել է 11.000 դոլար արժողությամբ մեկ կանանց և մեկ տղամարդկանց համար նախատեսված ծանրաձող: Դրա փոխարեն կարող էինք 9 հատ հասարակ ծանրաձող գնել»,- ասաց Ալավերդյանը:
Վերջում Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը խոսեցին «Տոկիո-2020»-ի մասին՝ հույս հայտնելով, որ վնասվածքներ չստանալու դեպքում այնտեղ ևս հավակնում են մեդալների և լավ մասնակցության և հաջողության հասնելու համար արդեն սկսել են մարզումները: Թեև նախապես ասելը բարդ է, սակայն ամուսնության նպատակներ չունեն, բայց գիտակցում են, որ դա արգելք չէ ոչ մի մարզաձևում՝ ոչ մի մարզիկի համար: