Գոռ Մինասյան. «Բնակարանը նվեր չէ, այլ իմ արդյունքին համապատասխան պարգև»
Ռիոյի Օլիմպիադայից մեդալներով վերադարձած Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը՝ գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ուղեկցությամբ, «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր հանդիպեցին լրագրողների հետ: Բրազիլիայի սրտում 2 արծաթե մեդալ նվաճած մեր ծանրորդների տպավորությունները վառ էին, ոգևորությունը՝ մեծ:
Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մտահոգված էր, որ մրցումների մեկնարկին բարոյահոգեբանական առումով կարող էր խանգարել Անդրանիկ Կարապետյանի վնասվածքը, բայց, հուրախություն բոլորիս, մյուս տղաներն իրենց մեջ կարողացան ուժ գտնել և բարձր մակարդակով հանդես գալ:
«Տղաները կարողացան միասնական լինել, իրենց մեջ ուժ գտնել, դառնալ մի բռունցք և անել այն, ինչին ականատես եղանք: Նրանք արեցին այն, ինչին պատրաստ էին»,- ասաց Ալավերդյանը:
Սիմոն Մարտիրոսյանը ևս հպարտ է, որ իր հայրենիքի և իր ընտանիքի համար կարողացել է մեդալ նվաճել:
«Թե Երևանում, թե Էջմիածնում ինձ հիանալի դիմավորեցին: Իմ քաղաքում ինձ հանձնեցին «Էջմիածնի բարեկամ» մեդալ, ինչի համար շնորհակալ եմ և ուրախ»,- ասաց Մարտիրոսյանն ավելացնելով՝ որ նման արդյունքը պարտավորեցնող է, սակայն պետք է առաջ նայել ու մտածել ավելին անելու, ավելի բարձր արդյունքներ գրանցելու մասին:
Գոռ Մինասյանը ևս կիսվեց տպավորություններով, ինչպես նաև անդրադարձավ այն թեմային, թե ընդունելո՞ւ է արդյոք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից իրեն տրամադրված նվեր-բնակարանը, քանի որ իր հարցազրույցներում Գոռը բազմաթիվ անգամներ նշել է, որ բարեգործություն կամ նվերներ չի ընդունում:
«Շատ լավ ու վառ տպավորություններ ունեմ: Բավական երկար էինք նախապատրաստվել այս մրցումներին, երկար էինք աշխատել և, կարծում եմ, արդարացրեցինք բոլորի սպասումները: Ուրախ ենք, որ մեր երկրի համար դրոշ ենք բարձրացրեցինք, ամբողջ աշխարհը տեսավ, որ Հայաստանի պես փոքր երկիրը կարողացավ այսպիսի արդյունք գրանցել:
Ինչ վերաբերվում է բնակարանին, ապա այն ոչ բարեգործություն է, ոչ էլ նվեր: Ես դա վաստակել եմ: Քիչ բան չեմ արել իմ երկրի համար, և ինձ թվում է, որ արժանի եմ: Սա նվեր չէ, այլ իմ արդյունքին հմապատասխան պարգև»,- ասաց Գոռ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան