ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել՝ Սևանի քաղաքապետի ընտրություններում ում է առաջադրելու. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել՝ հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններում Սևանում ում է առաջադրելու որպես քաղաքապետի թեկնածու։ Երեկվա դրությամբ առաջադրվել էին 5 թեկնածուներ, որոնցից երկուսը ՀՀ Կ անդամ են։
Խոսքը Սևանի նախկին քաղաքապետեր Գևորգ Մալխասյանի և Աշոտ Ալեքսանյանի մասին է։ Գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը դեռ չէր առաջադրվել՝ հավանաբար սպասելով ՀՀԿ-ի որոշմանը, որը կկայացվի այսօր։
Թերթը փորձել է ՀՀԿ-ից պարզել, թե Սևանում ի վերջո ում են առաջադրելու։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանն ասել է, որ այդ հարցին այսօր կպատասխանի։ «Այսօր ժամը 6-ին ավարտվում են առաջադրումները։ Սևանից ստացած տեղեկությունների համաձայն նախկին քաղաքապետերը առաջադրվել են՝ այդ քայլը ՀՀԿ-ի հետ առանց համաձայնեցնելու։ Եվ հիմա կուսակցությունում չեն կողմնորոշվում, թե ում թեկնածությունը սատարեն։ Երեքն էլ ՀՀԿ-ի համար որոշակի նշանակություն ունեն՝ իրենց կողմնակիցներով ու որոշակի ազդեցությամբ։ Եվ ՀՀԿ-ն չի ցանկանում նեղացնել նրանցից որևէ մեկին։ Ամեն դեպքում, թերթի տեղեկություններով, այս ցանկում որոշակի առավելություն ունի գործող քաղաքապետը։ Բայց քննարկվում է նաև որևէ մեկին չպաշտպանելու տարբերակը, որ երեքը մրցակցեն և հաղթողը դառնա քաղաքապետ։ Ի դեպ, Սևանում ՀՅԴ-ն էլ է քաղաքապետի թեկնածու առաջադրել՝ Արտակ Վարդանյանին, կան նաև ինքնաառաջադրված երկու անկուսակցական թեկնածուներ»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան