Հաղթանակ տարանք մեզ պարտադրված պատերազմում և սկսեցինք շենացնել ու զորացնել նվիրական Արցախը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել
Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր տոնում ենք Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը: Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ:
1991 թվականի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում և փոխեց նրա պատմության ընթացքը: Մեր վճռորոշ ձայնը բարձրացնելով ի օգուտ ազատ ու անկախ Արցախի` մենք ազգովի ձեռնամուխ եղանք պետականաշինության գործընթացին, սկսեցինք կառուցել ժողովրդավարական պետություն՝ միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան:
Մեր ընտրած ուղին բարդ էր ու դժվարին: Արցախի ժողովրդի արդար և օրինական պահանջին Ադրբեջանը հակադարձեց բռնություններով ու կոտորածներով և սանձազերծեց արյունալի պատերազմ: Մենք ստիպված էինք զենք վերցնել և ամեն գնով պաշտպանել մեր նորանկախ պետության ազատությունն ու անվտանգությունը, մեր ժողովրդի խաղաղությունն ու անդորրը, մեր պատմական հողն ու իրավունքները:
Այդ ծանր օրերին, ինչպես նաև հետագա բոլոր տարիների ընթացքում Արցախի կողքին էին Մայր Հայաստանը և Սփյուռքը: Աշխարհասփյուռ հայության գործուն աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ մենք կարողացանք պատվով հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները, հաղթանակ տարանք մեզ պարտադրված պատերազմում և սկսեցինք շենացնել ու զորացնել բոլորիս համար թանկ ու նվիրական Արցախը, մեր Հայրենիքը:
Մեր կողքին էին նաև բարի ու ազնիվ շատ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից, ում համար մարդասիրությունն ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը վեր է ամեն ինչից: Արցախի ժողովուրդը խորապես երախտապարտ է իր բոլոր բարեկամներին և բարձր է գնահատում նրանց ավանդը մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Այս տոնական օրը մենք հատուկ երախտագիտությամբ հիշում ենք մեր բոլոր նահատակներին, հայ ժողովրդի քաջ զավակներին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ճանապարհ հարթեցին մեր հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի համար: Մենք պարտավոր ենք միշտ վառ պահել մեր նվիրյալների հիշատակը, և դրա լավագույն ուղին ազատ ու անկախ Արցախի շարունակական զարգացումն ու զորացումն է:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ հիշարժան տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, մեր ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան