25 տարի առաջ ընդունած անբեկանելի որոշումն ապահով ապրելու և իրապես զարգանալու միակ ճանապարհն է. Գ. Սահակյան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ:
Քառորդ դարն իսկապես փորձության ժամանակաշրջան էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի համար, արդարության վերականգնման, երազանքի իրականացման, հաղթանակի ոգու փորձության ժամանակաշրջան: Միասին մենք ապացուցեցինք, որ մինչև մագաղաթի կամ թղթի վրա գրվելը պատմությունը նախ ստեղծվում է որպես իրականություն, որպես ժողովրդի պայքարի առարկայական էջ, ապա միայն դառնում տարեգրություն և գնահատական: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 25 տարի առաջ իր միասնական կամարտահայտությամբ փաստեց, որ անկախությունը երբեք էլ ժամանակավրեպ կամ հնացող չի լինում, որ ինքնիշխան ապրելու անկեղծ ցանկությունը չի կարող օդում կախված մնալ, նույնիսկ եթե փորձեն այն բռնի ուժով ի չիք դարձնել: Նա կարողացավ գաղափարն իրականություն դարձնել, ձգտումը` հաղթանակ, հանուն ազատության պայքարի արդյունքում հռչակելով Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությունը:
Արդեն 25-ամյա ԼՂՀ-ն շարունակական գաղափարների և չընդհատվող հաղթանակների ավանդույթ ձևավորած մի պետություն է, որի կենսունակությանն ու ազատատենչությանն այլևս ոչ ոք չի կասկածում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև միջազգային ամենալայն շրջանակներում և աշխարհագրական տարածքներում: ԼՂՀ-ն կայացել է ոչ միայն ի հեճուկս որոշ երկրների ջանքերի և գործողությունների, այլև իբրև կենդանի և անհերքելի ապացույց ազգերի ինքնորոշման սկզբունքի կենսունակության և ճշմարտացիության, իբրև ապացույց պատմական արդարության չկորցվող էության, որին ցայսօր էլ փորձում են հետևողականորեն սպառնալ նաև ռազմական ուժով: Սակայն դրանք ի սկզբանե ձախողված ու դատապարտված ճիգեր են, քանզի գերակա են Արցախի ժողովրդի ամուր կամքը, աներեր վստահությունն առ այն, որ 25 տարի առաջ ընդունած անբեկանելի որոշումն ապահով ապրելու և իրապես զարգանալու միակ ճանապարհն է:
Տոնական այս օրվա շնորհավորանքների հետ մեկտեղ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և լավատեսությամբ առլեցուն հավատ»,- ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
- «Մեկ անգամ ևս հավաստում եմ հայոց այս պետականության ձեռքբերումները պաշտպանելու մեր անդրդվելի կամքը»
- Հաղթանակ տարանք մեզ պարտադրված պատերազմում և սկսեցինք շենացնել ու զորացնել նվիրական Արցախը. Բակո Սահակյան
- Ինչպես երեկ, ինչպես այսօր, այնպես էլ վաղը դու՛ք եք որոշում ձեր ճակատագիրը. ՀՀ նախագահը՝ Արցախի բնակչությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին