Ինձ համար կարևոր է՝ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով Հայաստանն ունենա շատ ավելի կայուն երկնիշ տնտեսական աճ. Արծվիկ Մինասյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է նվազում տնտեսական աճի տեմպը, նշեց, որ իրենց կողմից շարունակվում է ուսումնասիրություն իրականացվել, մասնավորապես, մի շարք ոլորտներում, որտեղ արձանագրված է տեմպի նվազում, կան մի քանի պատճառներ:
«Առաջինը կապված է արձակուրդային շրջանի հետ և ըստ ընկերությունների տված բացատրությունների` իրենք արձակուրդ են ուղարկել, քանի որ արտադրական պաշար են ունեցել, և արտադրության ծավալ չեն ավելացրել, սակայն արտահանման ծավալներն են ավելացել: Երկրորդ պատճառը կապված է եղել Լարսի հանգամանքի հետ, որ որոշակի խոչընդոտ է ստեղծել ավելի մեծ ծավալներ իրացումը ապահովելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ մի շարք դեպքերում, մասնավորապես, խմիչքներ արտադրության ոլորտի ընկերությունները միջոցների խնայողություններ են արել, որպեսզի կարողանան այս շրջանում մթերումներ իրականացնել:
Նախարարի խոսքերով՝ կան նաև այլ պատճառներ, որոն ուսումնասիրվում են և արդյունքների մասին առավել մանրամասն կտեղեկացնեն:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ իր համար սկզբունքային նշանակություն ունի, թե ինչպիսի հիմնարար փոփոփոխություններ են իրականացնում, որպեսզի միջնաժամկետ և երկարաժամկետ առումով Հայաստանն ունենա շատ ավելի կայուն երկնիշ տնտեսական աճ:
«Սա ինձ համար ավելի կարևոր է, քան մեկ, երկու, երեք տոկոսային կետերով աճերի այսօրվա քննարկումը»,-ընդգծեց էկոնոմիկայի նախարարը: