83 հազար աշակերտ կշարունակի ստանալ տաք սնունդ
«Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի մինչև 2017թ-ի հունիսի 30-ը: Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ծրագիրը երկարաձգելու վերաբերյալ հուշագիրը ստորագրեցին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն:
Նշված ծրագիրը մեկնարկել է 2010 թվականից՝ Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ: 2013 թվականից դրա իրականացմանը միացել է ՀՀ կառավարությունը՝ ընդլայնելով ծավալները: Ներկայումս այս ծրագրին իրականացվում է Հայաստանի բոլոր մարզերում՝ բացի Երևանից:
Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերում «Կայուն դպրոցական սնունդն» իրականացվում է պետբյուջեյի հաշվին, իսկ մնացած մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով: Ծրագրում ընդգրկված են մարզերի տարրական դասարաններում սովորող 83 հազար աշակերտներ, իսկ դպրոցներում աշխատում է 1700 կին խոհարար:
Հուշագիրը ստորագրելուց հետո նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է պետբյուջեյի հաշվին իրականացող ծրագրում ընդգրկել նաև Տավուշի մարզը:
«Շատ կարևոր փաստաթուղթ ստորագրվեց այսօր, որը վկայում է ծրագրի հաջողության մասին: Աշակերտների տաք սնունդ ստանալը մեծ ազդեցություն ունի նրանց կրթության որակի վրա, իսկ երկարաժամկետ իրականացնելու պարագայում՝ դրական արդյունքը նկատելի կլինի նաև երկրի սնուցման հիմնախնդրի վրա»,-նշեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոն:
Հիշեցնենք, որ Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման ամբողջական վերլուծության համաձայն, Հայաստանում 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ են:
Նախարարի խոսքով՝ ծրագիրը շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն երեխաներին սնունդ փոխանցելու, այլև դաստիարակության առումով. «Երեխաները սովորում են համակեցության, սովորում են սննդի կազմակերպման միջոցով կարգուկանոնի, քանի որ փոքրահասակ երեխաների մեծ մասն առաջին անգամ է, որ շփվում է մեծ մասշտաբով սնունդ ստանալու գործընթացի հետ»:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց կիսելու» մշակույթը դպրոցում
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
- Զեկույց. Հայաստանի տնային տնտեսությունների զգալի մասն ունի սնուցման խնդիրներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները