Նադալ. «Իմ վերջին հարվածը հիանալի էր»
Իսպանացի Ռաֆայել Նադալը «US Open»-ի երկրորդ շրջանի խաղում տոնած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։ Նշենք, որ Ռաֆան երեք սեթում առավելության է հասել Անդրեաս Սեպպիի նկատմամբ։ Երկրորդ սեթի միջնամասում Նյու Յորքում անձրև է սկսվել, և կազմակերպիչներն ստիպված են եղել փակել վերանորոգված կենտրոնական կորտի տանիքը։
«Ես առաջին թենիսիստն եմ, ով այս ասպարեզում խաղացել է փակ տանիքի տակ, և դա հաճելի է։ Մարզադաշտն այնքան մեծ է, որ ոչ քամին է զգացվում, ոչ էլ փակ տանիքի փաստը։
Զգում եմ, որ այսօր ավելի ագրեսիվ խաղացի, քան Իստոմինի հետ առաջին շրջանի խաղում։ Հատկապես կուզեի նշել իմ վերջին հարվածը. այն հիանալիստացվեց։ Ինձ համար դա խաղի կարևոր բաղադրիչ է, ուստի ուրախ եմ արձանագրած հաջողությամբ»,- Նադալի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Ռաֆայելի հաջորդ մրցակիցն Անդրեյ Կուզնեցովն է։