Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը մահացել է
Այսօր 63 տարեկանում մահացել է Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարանի» տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Մատենադարանից Panorama.am-ին ասացին, որ Հ. Թամրազյանը երկար ժամանակ հիվանդ էր:
Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ-ի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971 թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել էԵրևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-91 թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1986 թվականից Գրողների միության անդամ է։ 1993 թ. նշանակվել է ՀՀկառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։
Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացումատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։ Հրաչյան Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ։ Նրա բազմաթիվ բանաստեղծական և թարգմանական ժողովածուները ջերմ ընդունելության են արժանացել ընթերցողների և գրականագետների շրջանում։ Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս. Եսենինի, Վ. Մայակովսկու, Բ. Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան