««Երկրաշարժ» ֆիլմը հայ ժողովրդի խայտառակությունն է». մասնագետները՝ այս ու մյուս թեկնածու ֆիլմերի մասին
««Երկրաշարժ» ֆիլմը հայ ժողովրդի խայտառակությունն է: Նույնիսկ այն ուղղումները, որոնք մեր քննադատությունից հետո արվեց, ֆիլմը չի փրկում»,- Հայկական ազգային կինոակադեմիայի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կինոակադեմիայի անդամ, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը:
Հիշեցնենք, որ նիստում կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում որոշվեց, որ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանկարգում ներկայացվելու է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը: Կինոակադեմիան ստացել էր երեք ֆիլմի հայտ՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»:
Ռ. Գևորգյանցի խոսքով, «Երկրաշարժը» հակահայկական ֆիլմ է. «Այն ցույց է տալիս դեբիլ հայ ժողովրդին, ով երկրաշարժի ժամանակ տեսնում է հենց այս վայրկյանին մահացած մարդ ու ձեռքից հանում ժամացույց: Պատկերացնում եք՝ ամբողջ ֆիլմն այդպես է: Եվ երկու վեհ ռուս մարդու կերպար, ովքեր փրկում են ընդհանրապես հայերին, ամենալավ մարդիկ են: Մնացած բաները չեմ ասում: Տեխնիկապես շատ լավ է արված, բայց հակահայկական ֆիլմ է»:
Նրա գնահատմամբ, «Վերջին բնակիչը» նույնպես հակահայկական ֆիլմ է:
«Ահավոր ֆիլմ է, սյուժեն անհեթեթություն է: Մի հայ մարդու և ադրբեջանցու մասին է: Եթե ռեժիսորը վերցնում է թուրքի դերում խաղացնում է պարսիկ դերասանի, ով արիացի է, խելոք տեսք ունի, արդեն կասեմ դիվերսիա է երևի»,- ասաց Ռ. Գևորգյանցը:
Ըստ նրա, երեք ֆիլմերից կինոյին մի քիչ մոտ էր Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ը, «բայց «էլի «Օսկար»-ի բան չէր»:
Հարցին, թե այսօր ունե՞ք որևէ ֆիլմ, որ կարող եք «Օսկար»-ի ներկայացնել, Ռ.Գևորգյանցն ասաց. «Իհարկե, ոչ»:
Կինոակադեմիայի անդամ, դերասան, սցենարիստ, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն ասաց, որ «Օսկար»-ի ներկայացնելու երեք ֆիլմից ամենաարժանին Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ն էր:
«Երկրորդ փուլի դեպքում (անցել էին «Երկրաշարժ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերը) պետք է անցներ «Երկրաշարժ»-ը, քանի որ երրորդ ֆիլմն ինձ համար անընդունելի է: Այն լոբբինգը և տարափը, որ սկսվեց այս ֆիլմի շուրջ, բացարձակ անընդունելի է ինձ համար: Այդպես ոչ մի հարց չի կարելի լուծել: Ուղղակի խորհրդի կերպով եմ ասում: «Վերջին բնակիչը» ֆիլմն ինձ դուր չի եկել: Այն չի համապատասխանում ոչ սցենարին, ոչ երաժշտական, ոչ դերասանական չափանիշներին, որոնք ինձ համար ընդունելի են»,- ասաց Մ. Պողոսյանը:
Նա «Երկրաշարժ» ֆիլմին ցանկացավ հասնել ինչ-որ բարձունքների ոչ միայն «Օսկար»-ի հետ կապված, այլ առաջին հերթին կպչի հանդիսատեսի մտքին, սրտին:
Նշենք, որ «Երկրաշարժ» ֆիլմում նկարահանվել է նաև Միքայել Պողոսյանը:
Կինոակադեմիայի անդամ, կինոգետ Սիրանույշ Գալստյանը քվեարկել է այն տեսանկյունից, որ Հայաստանը «Օսկար»-ի ընդհանուր պրոցեսի շրջանառության մեջ լինի:
«Ինձ համար սկզբունքորեն դա էր կարևոր՝ անկախ այն բանից, թե վերջնական քվեարկության դրված ֆիլմերն իմ ճաշակով են, թե ոչ, պրոֆեսիոնալ տեսանկյունից ինչքանով են ընդունելի կամ անընդունելի»,- ասաց կինոգետը:
Նա նշեց, որ ներկայացված ֆիլմերի մեջ ընտրելի էր Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» -ը:
Ս.Գալստյանն ասաց, որ գեղարվեստական, կերպարային ընդհանրացումներ է ուզում տեսնել ֆիլմերում, որոնք հայկական կինոյում շատ վաղուց գրեթե վերացել են:
Կինոակադեմիայի նախագահ, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանն ասաց, որ կարող էին խիստ լինել՝ ընտրել աշխարհում լավագույնը, որ միայն հաղթի:
«Մենք վաղուց դուրս ենք մնացել կինոակադեմիաների պրոեկտներից, հայկական կինո գրեթե գոյություն չունի կինոակադեմիաների ցանկերի մեջ: Հայաստան անունը ջնջվել էր «Օսկար»-ի ցանկերից, որն ամենամեծ խայտառակությունն էր»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ պետք է հստակեցվեն, մանրամասնվեն բոլոր չափանիշները:
Ըստ նրա, «Օսկար»-ի գնում են սովորաբար այն ֆիլմերը, որոնք տարբեր փառատոների են մասնակցած լինում ու ունենում են գլխավոր մրցանակներ, իսկ այս ֆիլմերի դեպքում դրանք չկային:
Քվեարկության ժամանակ Հ. Խաչատրյանն ասել էր, պետք է գոնե մեկ ֆիլմ ընտրեն, որպեսզի մասնակից դառնան ինչ-որ պրոցեսների:
Հարակից հրապարակումներ`
- «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը
- Հայաստանի կինոակադեմիայի անդամները վաղը կընտրեն «Օսկար»-ի ներկայացնելու ֆիլմը
- «Օսկար»-ին ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել
- Ռուբեն Դիշդիշյան. «Երկրաշարժ»-ը ֆիլմ է ոչ միայն աղետի մասին, այլև՝ բարդ դրամա
- «Ոսկե ծիրան». «Վերջին բնակիչի» իրական պատմության, աղջկան փրկելու ու մարդ մնալու մասին
- «Ոսկե ծիրան». «Երբ ապրելու պայմաններն անմարդկային են, մարդուն շատ դժվար է պահպանել իր մարդկային դեմքը»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին