Մարիինյան թատրոնի մենակատարները՝ Արամ Խաչատրյան համերգասրահում
Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր կկայանա «Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագրի պաշտոնական բացումը հանդիսավոր գալա-համերգով: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, համերգին հանդես կգան Մարիինյան թատրոնի մենակատարներ, «Օտրադա» մանկական երգչախումբը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգին զուգընթաց՝ նախասրահում կներկայացվի «Ռուսաստանի ոգին» խորագրով մանկական նկարների ցուցահանդեսը:
Ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համերգին հնչելու է Մ.Գլինկայի, Պ.Չայկովսկու, Ֆ.Շոպենի, Ս.Ռախմանինովի, Ջ.Պուչինիի և այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններից: Հանդես են գալու միջազգային մրցույթների դափնեկիրներ դաշնակահարներ Օլեգ Վայնշտեյնը, Դարյա Մուժեցկայան և այլ երաժիշտներ, Պետական ակադեմիական Մարիինյան թատրոնից սոպրանո Իրինա Մատաևան, մեձո սոպրանո Եկատերինա Սերգեևան, տենոր Եվգենի Ակիմովը, բարիտոն Սերգեյ Ռոմանովը
«Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագիրն իրականացվում է հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության ծրագրի հիման վրա օգոստոսի 20-ից սեպտեմբերի 18-ը։