Մրցումային առաջին օրն անհաջող էր
Ֆրանսիայի Մակոն քաղաքում ավարտվեցին ազատ ոճի ըմբշամարտի 2016 թ. աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային 1-ին օրվա 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգի ըմբիշների նախնական և սփոփիչ փուլերի հանդիպումները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ցավոք, այսօր մրցագորգ ելած Հայաստանի 4 պատվիրակներից ոչ մեկին չհաջողվեց միջամտել մրցանակային տեղերի համար մղող պայքարին:
Մարզաձևի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ այսօր հանդես եկած մեր մարզիկներն այսպիսի արդյունքներ արձանագրեցին.
50 կգ, 22 մասնակից, 1/8-րդ փուլ, Արման Անտոնյան - Ռոբերտի Դինգաշվիլի (Վրաստան)՝ 7:9: Վրացի ըմբիշն էլ իր հերթին անհաջողության մատնվեց կիսաեզրափակչում՝ 4:9 հաշվով զիջելով ղրղզստանցի Խուրշիդ Պարպիևին: Իսկ դա Անտոնյանին զրկեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Երեկոյան մրցահերթում եզրափակչում աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի Սպենսեր Լի (ԱՄՆ) - Խուրշիդ Պարպիև (Ղրղզստան) զույգը:
60 կգ, 24 մասնակից, 1/16-րդ փուլ, Հարություն Բարսեղյան - Նուրջան Սեյթջան (Ղազախստան)՝ 5:4, 1/8-րդ փուլ Հարություն Բարսեղյան - Իլման Մուխտարով (Ֆրանսիա)՝ 0:11: Վերջինս էլ քառորդ եզրափակչում 2:7 հաշվով պարտվել է թուրք ըմբիշ Սելիմ Կոզանին ու Հարությունին զրկել բրոնզե մեդալ նվաճելու հույսից: Հարություն Բարսեղյանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Եզրափակչում ուժերը կչափեն իրանցի Պեյման Բիաբանին և թուրք Սելիմ Կոզանը:
74 կգ, 27 մասնակից, 1/16-րդ փուլ, Տիգրան Մնացականյան - Մուրադ Սուլեյմանով (Ադրբեջան)՝ 4:15: Ադրբեջանցին կիսաեզրափակչում զիջել է ամերիկացի Մարկ Ջոն Հալլին, ով էլ իրավունք է ստացել եզրափակչում մրցելու իրանցի Ահմադ Յուսեֆ Բազրիղալեհի հետ:
96 կգ, 25 մասնակից, 1/16-րդ փուլ, Սարգիս Հովսեփյան - Ֆեյզուլա Ակթուրք (Թուրքիա)՝ 2:6: 1/8-րդ փուլում Ակթուրքը մրցել է Բելառուսի պատվիրակ Մարկ Ռուձյանոկու հետ ու տանուլ տվեց 2:9 հաշվով: Երեկոյան մրցահերթում այս քաշային կարգում եզրափակչում ոսկե մեդալը կխաղարկեն Էրիկ Սվեն Թիելը (Գերմանիա) և Հուսեյն Շահբազիգազվարը (Իրան):
Վաղը՝ սեպտեմբերի 4-ին, կխաղարկվեն մեդալների վերջին 4 հավաքածուները, որոնք կվիճարկեն 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերի ըմբիշները: Նրանց մրցապայքարին կմասնակցեն նաև Հայաստանը ներկայացնող Մխիթար Գրիգորյանն (55 կգ) ու Հակոբ Ավետիսյանը (66կգ): Իսկ Մերուժան Նիկոյանն (Արգենտինա) և Ուկրաինայի պատվիրակ Մարկ Մարգարյանն էլ կլինեն 84 կգ քաշային կարգում: Հայաստանը 84 կգ և 120 կգ քաշային կարգերում պատվիրակ չի ներկայացրել: